Քաղաքական

«Խաղաղության պայմանագրի ադրբեջանական առաջարկներում որոշակի հետընթաց կա». ԱԳ նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Խաղաղության պայմանագրի ադրբեջանական առաջարկներում որոշակի հետընթաց կա». ԱԳ նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դեկտեմբերի վերջին օրերին ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի հերթական առաջարկները». հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ հունվարի 4-ին էլ Բաքվին են փոխանցվել հայկական կողմի առաջարկները։

Նրա խոսքով՝ չնայած հանդիպումների բացակայությանը, տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկների փոխանակում. «Ոչ կառուցողական մթնոլորտում տեսել ենք նաև կառուցողական քայլեր»,- նշել է նա. «Ես կասեի՝ բովանդակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ, որոշ հոդվածներով, տեքստի որոշ մասերով մենք տեսնում ենք որոշակի հետընթաց, բայց որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղությամբ։ Մենք շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա, ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք, վստահ եմ, շատ կառուցողական են»,- տեղեկացրել է նա:

Միրզոյանն ընդգծել է, որ կարևոր են ոչ այնքան առաջարկները, որքան սկզբունքները, որոնց վրա պետք է հենված լինի խաղաղությունը. «Անկախ նրանից՝ տվյալ հերթական առաջարկի որևէ կոնկրետ մի հոդվածը առաջընթաց է, թե հետընթաց, վերջնական խաղաղությունն անպայման պետք է խարսխված լինի մի քանի հիմնարար բանի վրա, և այդ հիմնարար սկզբունքները բազմիցս հանրահռչակել ենք. երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն՝ առանց որևէ այլևայլության, որևէ երկիմաստության։ Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք, և վերջնական խաղաղության պայմանագիրը պետք է այս հստակությունն ապահովի»։

Ըստ նրա, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը այն հարցերն են, որտեղ Հայաստանը չի կարող թույլ տալ որևէ անորոշություն։

Ըստ այդմ, Միրզոյանը կարևորել է սահմանների անխախտելիությունը՝ շեշտելով, որ այստեղ Հայաստանը չի կարող թույլ տալ որևէ անորոշություն մի պարզ պատճառով․ ցանկացած անորոշություն մեծ հիմք ու պարարտ հող է հետագա ագրեսիաների ու էսկալացիաների. «Հետևաբար, եթե խաղաղություն ենք հաստատում, հաստատում ենք այնպիսի խաղաղություն, որ դժվար ու գրեթե անհնար լինի կասկածի տակ դնել ու խախտել»: 

Միրզոյանը նաև շեշտել է , որ խաղաղությունը միայն կրակոցների բացառումը չէ. «Խաղաղությունը նաև բաց սահմաններն են, նաև ապրանքների ու մարդկանց տեղաշարժն է միմյանց տարածքով»։ Ըստ նրա՝ եթե Հայաստանը մնա շրջափակման մեջ, դժվար կլինի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատված համարել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական