ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանը կողմ է հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունավետությանը։ Անդրադառնալով բանակցությունների ֆորմատին՝ Խանդանյանն ասել է, թե արդեն իսկ եղած ձևաչափերը շարունակական կլինեն.
«Դրանք որոշակի միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցությունները, նաև՝ ռիսկերն են ավելի կառավարելի դարձնում։ Երկկողմ բանակցությունների մասին հայտարարություններն ուղղակի հայտարարություններ են։ Դրանց վերաբերյալ առաջարկ, կարծում եմ, չի եղել Հայաստանին, որ որևէ տեղ, ժամ, օր ֆիքսվի, որ բանակցություններ վարվի Ադրբեջանի հետ»,- ասել է նա։
Ըստ Խանդանյանի՝ երկկողմ քննարկումներ շարունակվում են սահմանազատման հանձնաժողովներում. «Հայաստանն, այո, պատրաստակամ է շարունակել խոսակցությունը»։
Հարցին՝ ՀՀ համար սկզբունքայի՞ն է, որ չլինեն երկկողմ բանակցություններ, նա նշել է. «Մեզ համար առաջնահերթ կարևորություն ունի բանակցությունների բովանդակությունն ու սկզբունքների ամրագրումը։ Բանակցությունները լինեն միջնորդների մասնակցությամբ, թե երկկողմ, եթե սկզբունքները չարձանագրվեն, պայմանավորվածություններն այն արժեքը չեն ունենա, որ ակնկալում ենք»։