Քաղաքական

Լևոն Զուրաբյանը միացել է Արմեն Աշոտյանին ազատ արձակելու միջնորդությանը

Լևոն Զուրաբյանը միացել է Արմեն Աշոտյանին ազատ արձակելու միջնորդությանը

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ևս միացել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանին ազատ արձակելու միջնորդությանը։ Նա միջնորդությունը ներկայացրել է դատական նիստում։

Զուրաբյանի խոսքով, շատերին կարող է զարմանք պատճառել հանգամանքը, որ ինքն անձնական երաշխավորություն է ներկայացրել Աշոտյանին ազատ արձակելու վերաբերյալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2 տասնամյակ ՀԱԿ-ն անխնա քննադատել է ՀՀԿ-ին կոռուպցիայի և իշխանության չարաշահման համար՝ պահանջելով խստորեն պատժել նման արարքների պատասխանատուներին. «Մենք սկզբունքորեն դեմ ենք եղել նախնական կալանքը որպես բռնաճնշում օգտագործելու անարդար և ապօրինի պրակտիկային, ինչը նման դեպքերում դիտարկել ենք քաղաքական հետապնդում իշխանությունների կողմից։

Այդ մոտեցումները չի կարող տարածվել սպանության, ահաբեկչության, մարդկային զոհեր առաջացրած սահմանադրական կարգի տապալման և այլ բռնությունների հետ կապված մեղադրանքների վրա, քանի որ այդպիսի դեպքերում նախնական կալանքը բխում է քաղաքացիների անվտանգության ապահովման շահերից։

Այս դեպքում, սակայն, խափանման միջոցի առաջարկված փոփոխությունը քաղաքացիների անվտանգությանը որևէ կերպ ամենևին չի սպառնում, ոչ էլ խոչընդոտում է բաց և արդար դատաքննության իրականացմանը»,- ասել է Զուրաբյանը՝ հավելելով, որ Աշոտյանին դատավարության ընթացքում կալանքի տակ պահելով դատարանը կապացուցիչ, որ խախտում է անմեղության կանխավարկածի և անաչառության սկզբունքները։

Զուրաբյանը հիշեցրել է, որ ՀԱԿ-ը 2013թ. ԱԺ-ում հանդես է եկել հարցապնդմամբ, ներկայացնելով այն ժամանակվա իշխանությունների կոռուպցիոն գործարքները. «Այդ աղմկալից հարցապնդման և գործերի ֆիգուրանտներից և ոչ մեկն այսօր կալանքի տակ չէ։ 2018թ. հետո 6 տարի անց որևէ առաջընթաց չկա այդ դրվագներով քննվող գործերով, իսկ որոշ գործեր, չնայած ձեռք բերված լուրջ ապացույցներին, ուղղակի կարճվել են՝ արհեստականորեն ձգձգելով դատաքննությունն ու իբր սպառելով վաղեմության ժամկետները»։ Ըստ նրա, փոխարենը իրավականորեն վիճահարույց և կասկածելի մեղադրանքով կալանքի տակ է գտնվում Արմեն Աշոտյանը, որ իշխանափոխությունից հետո հանդես է եկել սուր քննադատությամբ։

«Արմեն Աշոտյանի քաղաքական ուժի հետ մենք երկար տարիների անհաշտ քաղաքական հակառակորդներ ենք։ Մենք համեմատել ենք նրա քաղաքական ուժի պահվածքը վիշապի հետ, որը խեղդում և խոչընդոտում է երկրի զարգացումը և ժողովրդավարությունը։ Բայց մեր այդ գնահատականը չի նշանակել և երբեք չի նշանակի, որ մենք որպես հանրություն երբևէ կհանդուրժենք, որ վիշապ սպանողն ինքը դառնա վիշապ»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական