Քաղաքական

Ի՞նչ հանգրվանի է հասել խաղաղության պայմանագիրը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ի՞նչ հանգրվանի է հասել խաղաղության պայմանագիրը  (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

2020թ. 44-օրյա պատերազմից հետո օրակարգային հարց դարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման։ 

Radar Armenia-ն ներկայացնում է, թե վերջին տարիներին ինչ ընթացք է ունեցել խաղաղության պայմանագիրը։

2022 թվականի մարտի 12-ին ադրբեջանական կողմը հայտարարեց, որ դեռևս փետրվարին հարաբերությունների կարգավորման հինգ կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել Հայաստանին։ Երկու օր անց՝ մարտի 14-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակեց փաստաթուղթը՝ գաղտնազերծելով այդ սկզբունքները։ 

Ի պատասխան, հայկական կողմը հայտարարեց, որ այդտեղ իր համար որևէ անընդունելի կետ չկա՝ ներկայացնելով 6 կետից կազմված արձագանք։

Պաշտոնական Երևանը, պատասխանելով Բաքվից փոխանցված առաջարկներին, դիմել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ 

Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ 4 ժամից ավել տևած հանդիպման արդյունքներով Փաշինյանն ու Ալիևն արտաքին գործերի նախարարներին հանձնարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքներն սկսել։

Թեև կողմերը շարունակաբար խոսում էին տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտության, մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, բայց ադրբեջանական կողմի գործողություններն ամենևին էլ խաղաղության մասին չէին։ 2022թ. սեպտեմբերին 13-ին ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածքներ՝ Ադրբեջանն օկուպացրեց դրանց մի մասը: 

Շաբաթներ անց՝ հոկտեմբերի 7-ին, Պրահայում Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Ադրբեջանական ագրեսիայից հետո՝ սեպտեմբերի 27-ին, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի է ունեցավ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։

Արդեն հոկտեմբերի 13-ին Գրիգորյանը հայտարարեց, թե պայմանավորվածություն կա մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, դելիմիտացնել հայ-ադրբեջանական սահմանը։ 


Թեև 2022 թվականի դեկտեմբերի 5-ին ադրբեջանական կողմը հայտարարեց, որ  խաղաղության պայմանագրի առաջարկների նոր փաթեթ է փոխանցել Երևանին, բայց կողմերն այդպես էլ չկարողացան խաղաղության պայմանագիր կնքել։ Ավելին, դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի «բնապահպանները» փակեցին Լաչինի միջանցքը։ 

2023-ին՝ մինչև ԼՂ-ի անկումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, երկու երկրների ԱԳ նախարարները տարբեր հանդիպումներ ունեցան։ 

Հատկապես առանցքային էր 2023 թվականի մայիսի 14-ի բրյուսելյան հանդիպումը։ Կողմերին հյուրընկալող Եվրոխորհրդի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Ընդ որում, այս անգամ Շառլ Միշելը ընդգծեց երկու երկրների տարածքը թվերով․ Հայաստանը՝ 29800 կմ², իսկ Ադրբեջանը՝ 86600 կմ², ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը։

Այնուհետ Հայաստանն ու միջնորդ երկրներն սկսեցին խոսել Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության անվտանգության և իրավունքների մասին։

Հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպում, որին, բացի Ալիև-Փաշինյան-Միշել եռյակից, մասնակցում էին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս քննարկումը օգտակար էր համարել. «Այսօր շատ նախնական մի դետալ էլ կա․ ինչո՞ւ եմ ասում նախնական, որովհետև պիտի ստուգենք նաև Ադրբեջանի արձագանքը իմ այս հայտարարությանը։ Կարծես թե, կողմերն ընդգծեցին, որ դեմ չեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975-ի քարտեզները: Սա նշանակում է ևս մի քայլ՝ վերահաստատելու 29.800 կմ² տարածքային ամբողջականությունը և 86.600 կմ² տարածքային ամբողջականությունը»։

ԼՂ-ում սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից և ԼՂ բնակչության դատարկվելուց հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ լուծել է 30-ամյա խնդիրը, և այժմ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար խոչընդոտ չկա։ 

Հոկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում նշել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Ըստ վարչապետի՝ առաջին սկզբունքը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ է, որ Հայաստանի տարածքը 29800 կմ² է, Ադրբեջանինը՝ 86600 կմ²։ Երկրորդը դելիմիտացիայի իրականացումն է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այս դեպքում էլ հիմք են ընդունում ՍՍՀՄ սահմանները, և երրորդ սկզբունքը՝ բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները՝ կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա։ 

Այս հայտարարությունից մեկ ամիս անց՝ նոյեմբերի 24-ին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ պարզ չէ՝ Ադրբեջանն, ի վերջո, վերահաստատու՞մ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի հետ։

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։ Իսկ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնեց, որ Բաքուն սպասում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին՝ դժգոհելով, թե Հայաստանը պետք է ի ցույց դնի իր դրական և լավ մտադրությունները․ «Մենք Հայաստանին ներկայացրել ենք խաղաղության համաձայնագրի հինգերորդ տարբերակը, սակայն արդեն երկու ամիս է՝ նրանք չեն արձագանքում»։ 

Հաջիևի հայտարարությունից օրեր անց՝ նոյեմբերի 21-ին, պաշտոնական Երևանը հաղորդեց, որ ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի շուրջ իր 6-րդ առաջարկը։

ԼՂ-ի անկումից և հայաթափումից հետո առաջին անգամ դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցան ոչ պաշտոնական շփումներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև։ Երկու երկրների ղեկավարները երկկողմ ձևաչափով քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ 

Թեև 2023-ին Ադրբեջանի հետ բանակցող պաշտոնյաները, որոշ քաղաքագետներ և փորձագետներ նշում էին, որ հավանականություն տեսնում են, որ մինչև տարեվերջ կկնքվի այդքան չարչրկված խաղաղության պայմանագիրը, բայց, ինչպես 2022-ին, այնպես էլ 2023-ին, այն կնքել չհաջողվեց։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական