Radar Armenia-ն ներկայացնում 2023 թվականի կարևոր իրադարձությունները։
Եվ այսպես․
Տարեսկզբին՝ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորանոցում հրդեհ էր բռնկվել։ Պատահարի հետևանքով զոհվեց 15 զինծառայող։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, շուրջ մեկ տարի պաշտոնավարելուց հետո, հունվարի 23-ին այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ հրաժարականի դիմում ներկայացրեց։
Հոկտեմբերի 4-ին՝ շուրջ 9 ամսվա «պարապուրդից» հետո Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նշանակվեց Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ։
Փետրվարի 11-ին Հայաստանը միակողմանիորեն բացված սահմանով Թուրքիայի աղետալի երկրաշարժից տուժածներին 100 տոննա մարդասիրական բեռ ուղարկեց։ Բեռն անցավ Թուրքիային կապող ամենակարճ՝ 1993-ից փակված Մարգարայի կամրջիով։ Նշենք, որ Թուրքիայում աշխատում էր նաև հայ փրկարարների 27 հոգանոց խումբ։ 44-օրյա պատերազմից հետո մեկնարկած բանակցություններում Թուրքիան ներկայացնող դեսպան Սերդար Քըլըչը թվիթերյան գրառմամբ շնորհակալություն հայտնեց հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին ու նորանշանակ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին՝ օգնությունն իրականություն դարձնելու ջանքերի համար:
Ապրիլի 12-ին ԱԺ-ն ընտրեց մարդու իրավունքների նոր պաշտպան՝ Անահիտ Մանասյանին, որը մինչ այդ գլխավոր դատախազի տեղակալն էր։
Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Տիգրան Ավինյանը, ընտրություններում ստացավ 32.57% ձայն՝ ավագանում ունենալով 24 մանդատ ու ձևավորելով ամենամեծ խմբակցությունը։
Արդեն հոկտեմբերի 10-ին Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստում քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում։ Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը հայտարարեցին հրադադարի մասին՝ ընդունելով ադրբեջանական կողմի պայմանները։
Սեպտեմբերի 28-ին ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, որի համաձայն՝ մինչև 2024թ․ հունվարի 1-ը բոլոր պետական հիմնարկներն ու հաստատությունները լուծարվում են, իսկ Լեռնային Ղարաբաղը դադարեցնում է իր գոյությունը։
ԼՂ-ն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո Ադրբեջանի իշխանությունները ձերբակալեցին երկրի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ Դավիթ Մանուկյանին, Աժ նախագահ Դավիթ Իշխանյանին։ Նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ինքնակամ հանձնվեց ադրբեջանցիներին։
Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը։
Նոյեմբերի 17-ին արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց իր որոշումը հոկտեմբերի 12-ին Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ներկայացված դիմումի վերաբերյալ։ Դատարանը հայտարարեց, որ Ադրբեջանի իրականացրած ռազմական օպերացիան տեղի է ունեցել բնակչության խոցելիության ու սոցիալապես վտանգված իրավիճակի պայմաններում։ Ավելի վաղ դատարանն արդեն արձանագրել էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները տուժում են Լաչինի միջանցքով Հայաստանի հետ կապի խափանման պատճառով։
2023 թ. դեկտեմբերի 13-ին 2020-2023 թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատեցին Ադրբեջան-Հայաստան սահմանը և վերադարձան հայրենիք։