«Հավաստիացնում եմ՝ Կազանից հետո որևէ էական բան չի փոխվել բանակցային պրոցեսում». այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով ԼՂ-ի շուրջ բանակցային գործընթացին։
Սարգսյանի խոսքով՝ Կազանից հետո, անկախ նրանից, թե ձևակերպումներն ինչպես են եղել, ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվում էր ազատ կամարտահայտությամբ. «Մենք շատ հստակ ասել ենք, որ ունենք բոլոր փաստաթղթերը։ Թող ինքը ցույց տա մի փաստաթուղթ, որտեղ իր ասածը տեղ է գտել։ Գոյություն ունեն փաստաթղթեր, համաձայն որոնց ԼՂ-ի վերջնական կարգավիճակը որոշվում էր ազատ կամարտահայտությամբ։ Թող ասի, որ այդպիսի բան չի եղել։ Մենք ինչ ասում ենք, դա փաստարկում ենք եղած թղթերով։ Ես հավաստիացնում եմ, որ Կազանից հետո որևէ էական բան չի փոխվել բանակցային պրոցեսում, որ Կազանից հետո միշտ, անկախ նրանից, թե ձևակերպումներն ինչպիսին են եղել, ԼՂ-ի վերջնական կարգավիճակը որոշվում էր ազատ կամարտահայտմամբ։ Հնարավորություն էր լինում ընտրված մարմիններով, նշանակված կառույցներով կառավարել ԼՂ-ն»։
Նա անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի պահանջներին, որ խաղաղության պայմանագրում ռևանշ չլինելու մասին պետք է նշվի. «Այդ ռևանշ ասվածը շատ է օգտագործվում մեր հասարակության մեջ, ես տարակուսում եմ։ Ռևանշը նոր հաջողության հասնելն է։ Այսինքն՝ ադրբեջանցիների համար ռևանշ էր, իրենց կարելի է, իսկ մեզ ո՞չ, արդյո՞ք արժե ապրել, երբ դու ոչնչի իրավունք չունես, ուրիշներն ունեն բոլոր իրավունքները»։