«Ամեն ինչից տեղյակ եմ, ապրում եմ այստեղ։ Ինչն օրինական պահանջ է, օրինական պահանջ է». այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, որը Նորատուսում հանդիպել է բողոքի ակցիա իրականացնող ձկնորսներիհետ։
Հարցին՝ կարո՞ղ են շարունակել Սևանից ձուկ բռնել, պատգամավորը պատասխանել է. «Ոչ։ Մենք քվոտաներ ենք սահմանել, ձկնորսներին քվոտաներ ենք տվել»։ Նա վստահեցրել է, որ խնդիրը բոլոր հարթակներում քննարկվելու է. «Քննարկվելու է ազգային պարկում, բնապահպանության նախարարությունում, կառավարությունում և Ազգային ժողովում»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ թե ինչ են առաջարկում նորատուսցիներին ձուկ բռնելու փոխարեն, պատգամավորն ասել է, թե այս պահին ոչինչ չի առաջարկվում. «Ոչ մի բան առանց լուծում չի մնալու։ Մինչ այս պահը որոշակի լուծումների, կոմպրոմիսների գնացել ենք։ Հիմա այս պահին այդ քննարկումն է։ Իմ ընկերներն են, իմ համագյուղացիներն են, իրենց նման ես էլ եմ այդ նույն առօրյայով ապրում»։