Քաղաքական

Կբացառվի կարգապահական կամ էթիկայի հանձնաժողովների հայեցողության բաղադրիչը

Դատաիրավական համակարգում կներդրվեն բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ։ Նախաձեռնությունն ուղղված է դատավորների, դատախազների, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության, ինչպես նաև քննչական և հակակոռուպցիոն կոմիտեներում առաջխաղացման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերի ներդրմանը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը։ 

«Դատավորների դեպքում բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունն առաջարկվում է իրականացնել չորս տարին մեկ, իսկ մնացած սուբյեկտների դեպքում` երեք տարի պարբերականությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության կառուցակարգերն ամբողջացնելու նպատակով սահմանվում են կարգավորումներ` ուղղված բացասական եզրակացության դեպքում դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ պարտադիր կարգապահական վարույթ հարուցելուն:

Այսպիսով ամբողջությամբ կբացառվի կարգապահական կամ էթիկայի հանձնաժողովների հայեցողության բաղադրիչը: Փոխնախարարի տեղեկացմամբ նախաձեռնությունը քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Կարեն Կարապետյանի խոսքով փոփոխությունները կնպաստեն համապատասխան պետական մարմիններում բարեվարքության աստիճանի բարելավմանն ու պետական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը: Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին` նշելով, որ նախաձեռնությամբ ընդլայնվում են գործող կառուցակարգերը: