Քաղաքական

«2023թ. Լարսը ավելի շատ օրերի է բաց եղել, քան երբևէ». Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Վերին Լարսն այս տարի բաց է եղել առավելագույն չափով։ Ըստ նրա՝ Լարսում եղանակային խնդիրները, նաև հաշվի առնելով թողունակության ընդլայնումը, առանձնապես ազդեցություն չեն ունեցել առևտրային ռեժիմի վրա. «2023թ. Վերին Լարսը բաց է եղել ավելի շատ օր, քան երբևէ։ Նախկինում, հիշում եք, եղանակային կամ այլ խնդիրների բերումով տարեկան միջինը 30-40 օր Լարսը փակ է լինում, իսկ այս տարի՝ ընդամենը 3-4 օր, մի շաբաթ»,- ասել է նա։

Քերոբյանը նաև ասել է, թե ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճն ընթացիկ տարում կազմել է 41%. «Սա բավական բարձր ցուցանիշ է, մոտավորապես, 5,7 մլրդ դոլարի է հասել»,- ասել է նա՝ հավելելով, որ ցուցանիշն աճել է բոլոր երկրների հետ։

Նա կարևորել է առևտրաշրջանառության դիվերսիֆիկացիան՝ ասելով, որ ցանկացած ուղղությամբ առևտրաշրջանառությունը չպետք է գերազանցի 20%–ը. «Հակառակ դեպքում, պատկերավոր ասած, եթե ունեք ռեստորան, որն ունի միայն մեկ հաճախորդ, որքան էլ նա լավը լինի, կարող է մի օր այլևս չգա, ու ռեստորանը փակվի։ Դրա համար պետք է այնպես անել, որ ռեստորան գա ավելի շատ մարդ»,- նշել է նա։