Քաղաքական

«ԼՂ սուբյեկտայնության պահպանման համար բոլոր ինստիտուտները պետք է գործեն». Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված չէ։

«Այն ավելի է խորացել, Ադրբեջանի հանցագործ գործունեությունն այն ավելի է սրել, և Ադրբեջանը պետք է դրա համար պատասխան տա: Լեռնային Ղարաբաղը եղել է գործոն, և այսօր նրա սուբյեկտայնության պահպանման համար նրա բոլոր ինստիտուտները պետք է գործեն՝ ներառյալ ժողովրդի ճակատագրի, նաև ժողովրդի հետվերադարձի պայմանների լուծմամբ: Եվ այս պարագայում բանակցությունները միջազգային հարթակում՝ ընդունված կամ որևէ ընդունելի նոր ձևաչափով այլընտրանք չունեն»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է նա

Լրագրողի հարցին՝ «Հայաստան» խմբակցությունը ծանոթացել է արդյոք Խաղաղության պայմանագրին, նա ասել է, թե ինքն անձամբ մինչև այժմ գաղտնի նյութերին ծանութանալու գաղտնիության թույլտվություն չունի: Նրա կարծիքով Լեռնային Ղարաբաղի հայաթափվելուց հետո ինչպես կարելի է գնալ խաղաղության. «Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել. նրանց գործողությունները Հայաստանի Հանրապետության տարածքում, առավել ևս ԼՂ-ում չեն փոխվել: Եվ Լեռնայի Ղարաբաղի այս ցեղասպանությունից հետո ինչպես կարելի է ձեռք մեկնել ցեղասպանին և ասել, որ այսօր պատրաստ ենք խաղաղության»։