Քաղաքական

«Հետո ի՞նչ է լինելու, նոր Հայկ Սարգսյան է գալու և օրենքի նոր նախագի՞ծ է բերելու» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունները տարածվելու են այն անձանց վրա, որոնք օրենքի ընդունման պահին 25 և ավելի տարեկան կլինեն. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան․ «Այն մտավախությունը, թե այսօր մարդիկ 18 տարեկանում կլքեն երկիրը, որպեսզի 27 տարեկանում օգտվեն օրենքից, անտեղի է, որովհետև նրանք չեն կարող օգտվել»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ գործող կարգավորմամբ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման։ Պատգամավորը նախագծով առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ ծառայելով երկու տարի, 1 տարի ծառայելով՝ պետբյուջե վճարել 2,5 միլիոն դրամ, 6 ամիս ծառայելով՝ վճարել 5 միլիոն դրամ, 1 ամիս ծառայելով՝ վճարել 10 միլիոն դրամ, կամ վճարել 15 միլիոն դրամ՝ ընդհանրապես չծառայելով։

Պատգամավորը պարզաբանել է, թե ինչու է տարիքային շեմն այսպիսին։ Նրա դիտարկմամբ՝ երբ համաներում արվեց, որից օգտվեցին 27 տարին լրացած և բանակում չծառայած անձինք, կային 25-26 տարեկան մեծաթիվ քաղաքացիներ, որոնք այս ընթացքում չեն վերադարձել և ծառայել․ «Այսինքն, նրանք, միևնույն է, չօգտվեցին իրենց ծառայելու հնարավորությունից և այսօր գտնվում են քրեական հետապնդման տակ՝ չունենալով որևէ տարբերակ, բացի ազատազրկումը»։

Արձագանքելով Հայկ Սարգսյանին՝ Հովիկ Աղազարյանն ասաց․ «Հետո ի՞նչ է լինելու․ նոր խորհրդարան է լինելու, նոր Հայկ Սարգսյան է գալու և օրենքի նոր նախագի՞ծ է բերելու այսօրվա 23-24 տարեկանների համար, պարոն Սարգսյան»։

Մանրամասները՝ տեսանյութում