ԱԺ-ն քննարկում է կառավարության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցությամբ վարկ՝ 50 միլիոն եվրո գումարի չափով։
«Միջոցներն ուղղվելու են 2023 թ. բյուջեի մասին օրենքով սահմանված պակասորդի ֆինանսավորմանը կամ ծախսերի ֆինանսավորման կարիքի բավարարմանը, որի համար ԱԺ-ն պետական բյուջեի մասին օրենքով հաստատել էր 350 միլիոն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում»։
Նախարարի տեղակալը նշեց, որ այստեղ մի կարևոր հանգամանք կա․ հաշվի առնելով, որ պլանավորված 550 միլիարդ դրամ կապիտալ ծախսերը գերազանցում են 290 միլիարդ պակասուրդը, այդ միջոցներն, ըստ էության, ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց թվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ և այլ բնույթի ենթակառուցվածքներ, որոնք, իրենց հերթին, տնտեսության վրա ունեն բավականին դրական և ներուժը բարձրացնող ազդեցություն։
ԱԺ-ն 61 կողմ, 26 դեմ ձայներով ընդունեց նախագիծը։