Քաղաքական

Ինչու Գյումրիում պառակտվեց կոալիցիան

Գյումրիում 2021 թվականի հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Բալասանյան դաշինքը» համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Պատճառն այն էր, որ ուժերից ոչ մեկը չէր ստացել բացարձակ մեծամասնություն, և որոշվեց գնալ կոալիցիայի։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն ունի 11 մանդատ, իսկ «Բալասանյան դաշինքը»՝ 14։

Ըստ հուշագրի՝ Գյումրիում քաղաքապետի թեկնածու առաջադրվեց «Բալասանյան դաշինք»-ի անդամ Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետեր՝ ՔՊ–ականներ Արթուր Պապիկյանն ու Վահագն Մկրտչյանը։

Երկու տարվա համատեղ աշխատանքից հետո՝ 2023 թ. դեկտեմբերի 6-ին, «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ միակողմանի խզում է համագործակցության հուշագիրը, իսկ համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը հրաժարական տվեցին։

Ըստ «Քաղաքացիական պայմանագրի»՝ նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում օրենսդրությամբ, և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե քաղաքապետարանի գործունեությունը, թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում: 

«Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները մշտապես բախվել են «Բալասանյան դաշինք»-ի ոչ թափանցիկ գործելաոճին, ֆինանսական և այլ փաստաթղթերին անհասանելիության հետ կապված խնդիրներ ունեցել»,- դեկտեմբերի 11-ի ասուլիսի ժամանակ հայտնել էր Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց չեն սկսում և դիրքավորվում են որպես 11 մանդատ ունեցող խմբակցություն:

Այսօր հայտարարություն տարածեց «Բալասանյան» դաշինքը՝ նշելով, թե հեռու են այն մտքից, որ համագործակցությունը հնարավոր է առանց տարաձայնությունների ու խնդիրների, և դրանք համարում են բնական: Ըստ նրանց՝ խնդիրներ ու տարաձայնություններ կարող են լինել ինչպես թիմի ներսում, այնպես էլ՝ երկու տարբեր թիմերի միջև:

«Համաձայն չենք այն տեսակետի հետ, թե հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները չեն պահվել կամ դրանք խախտվել են: Հնարավոր է, որ երկու տարվա մեջ եղել են նախնական որոշումներ, որոնք կյանքի չեն կոչվել՝ ելնելով տարատեսակ իրողություններից, որոնց մասին մեր գործընկերները տեղեկացված են եղել: Բնականաբար, այս գործընթացը միակողմանի չի եղել, եղել են նմանօրինակ իրողություններ նաև հակառակ ուղղությամբ, որին մենք մոտեցել են ըմբռնումով և համարել բնական:

Ինչ վերաբերում է ստվերային կառավարման տրամաբանությանը, ձևակերպումը մեզ համար զարմանալի է, որովհետև քաղաքական կուսակցությունների միջոցով համայնքների կառավարումը, համաձայն որի՝ ընտրողի վստահության քվեն ստանում է թիմը, արդեն իսկ ենթադրում է, որ սկզբունքային որոշ որոշումներ կարող են կայացվել թիմային քննարկումների հիման վրա, ինչը չի հակասում օրենսդրությանը»:

«Բալասանյան» դաշինքում հուսով են, որ Գյումրու կառավարման համակարգում ընդդիմության դերում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դերակատարումը և գործողությունները կլինեն ոչ պակաս արդյունավետ, քան՝ համատեղ կառավարման ժամանակ:

Նշենք, որ Գյումրիի ավագանու կազմում ընդգրկված են նաև «Ապրելու երկիր», ՀՀԿ և «Զարթոնք» կուսակցությունները։ «Ապրելու երկիր»-ն ունի 2 մանդատ, ևս 2-ը՝ ՀՀԿ-ն, իսկ «Զարթոնք» կուսակցությունը ներկայացված է 4 մանդատով։

«Բալասանյան» դաշինքին ավագանում որոշումների անցկացման համար անհրաժեշտ է ևս 3 մանդատ. ո՞վ կօգնի նրանց քաղաքի կառավարման հարցում, ցույց կտա ժամանակը։

Հայկ Մագոյան