ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ռևանշներ չլինեն․ «Եթե ինչ-որ ռևանշներ պետք է լինեն, էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր։ Բացի այդ, եթե ուզում ենք՝ Հայաստանն ամրապնդվի տևական ժամանակ, և այստեղ երկար ժամանակ պետականություն լինի, այդ ճանապարհը ուղիղ անցնում է հարևանների հետ երկխոսության միջոցով»,- ասել է նա՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիրը որքան անհրաժեշտ է ադրբեջանական կողմին, այնքան էլ՝ Հայաստանին․
«Եթե Հայաստանը հայտարարի, որ ռևանշի է պատրաստվում, դա ուղիղ ճանապարհ է Հայաստանի չլինելուն: Կլինեն արտաքին ուժեր, որոնք Հայաստանում կհրահրեն այդպիսի տրամադրություններ և բառապաշար, որովհետև այդ ուժերին պետք չի, որ Հայաստան լինի: Ուրիշի ձեռքով շագանակ հանելու քաղաքականությունը շատ տրամաբանական է այդ ուժերի համար, և մենք չպետք է գործիք դառնանք երրորդ երկրների ձեռքում:
Կլինեն Հայաստանում մարդիկ, որոնք հայրենասիրական ճոռոմաբանություններով այդ բառապաշարն առաջ կտանեն, բայց այդ գործընթացը տեսել ենք՝ ինչպես է տեղի ունեցել, երբ հայ ժողովրդին տրամադրում են, վերջում միայնակ թողնում»,- ասել է նա։