«Պարո՛ն Մինասյան, մեզ ձեր արշինով մի չափեք․ էս էն թվերը չի, որ օրենքներ բերենք, պաշտոնյաների համար բիզնեսներ ստեղծենք, պետությունը թալանենք և այլն»,- հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին։
Մինչ այդ Արծվիկ Մինասյանը, խոսելով «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունների մասին, հայտարարել էր, որ կամ այս նախագիծը ֆիսկալ խնդիր է լուծում, կամ թաքնված մի նոր բիզնես են ուզում ստեղծել որոշ պաշտոնյաների համար. «Որ մոտակայքում 3000 դրամով կայանատեղի բացեն ու բիզնես անեն»:
Նշենք, որ ԱԺ-ն ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է Գյումրիի մաքսատանը մեքենաների կայանման վճարը օրական 1600 դրամից դարձնել 5000 դրամ:
Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ քաղաքացին մեքենան բերում է, բայց չի մաքսազերծում՝ թողնելով մաքսատան կայանատեղիում, այդպես պետության վրա բեռ դարձնելով. «Այո, կարող են լինել իրավիճակներ, երբ օբյեկտիվորեն դա տևի մի քանի օր, ու դրա մեջ դիտավորություն կարող է և չլինել: Իմ ընկալումն այն է, որ կարող ենք գնալ պրոգրեսիվ տուրքի բարձրացմանը: Այսինքն, ֆիքսենք, որ, օրինակ, առաջին 1-2 օրը լինի կամ անվճար, կամ փոքր գումար, հետո մի քիչ բարձրանա, իսկ 2-3 ամիս մեքենան թողնելու դեպքում ոչ թե 5 հազար դրամ լինի, այլ 7–10 հազար: Որովհետև դա ավտոկայանատեղի չէ»,- ասել է նա։
Արծվիկ Մինասյանը, արձագանքելով իր հասցեին Հովհաննիսյանի հայտարարություններին, ասաց. «Պարոն Հովհաննիսյան, Դուք այստեղից անպատասխանատու կերպով հայտարարում եք՝ ձեր արշինով մի չափեք։ Բերեք մի օրինակ, որ ես՝ Արծվիկ Մինասյանս, որպես պատգամավոր, որպես կառավարության անդամ, երբևէ մի նախագիծ եմ բերել որևէ անձի, ոչ թե իմ, այլ որևէ անձի բիզնես շահերը սպասարկելու համար: Հակառակ դեպքում ակնկալում եմ հրապարակային ներողություն Ձեր այդ խոսքի համար: Ասեմ ինչու, որովհետև երբ կոնկրետ հարցադրումներ ենք դնում, փոխանակ դուք էլ շահագրգիռ լինեք այդ հարցադրումները խորացնել և առաջ տանել, այստեղից հերթական անպատասխանատու հայտարարությունն եք անում: Լավ, ինչքա՞ն կարելի է: Պետք է պատասխանատու լինել սեփական խոսքերի համար»: