Քաղաքական

Հակոբ Արշակյանը հրաձգարաններ բացելու կոչ է արել

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ յուրաքանչյուր ոք, ով ունակ է զենք կրել, պետք է դրան հեշտ հասանելիություն ունենա։ 

Նա մասնավոր ներդրողներին կոչ է արել Հայաստանում միջազգային մակարդակի քաղաքացիական հրաձգարաններ բացել. «Յուրաքանչյուրն, ով ունակ է զենք կրել, պետք է պրոֆեսիոնալ տիրապետի զենքին և կարողանա հեշտ հասանելիություն ունենալ թե՛ գնելուն, թե՛ գործածելուն, թե՛ իր գիտելիքները պարբերաբար փորձարկելուն»,- նշել է նա։ 

Նշենք, որ ԱԺ-ն քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենսդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն նոր ստեղծվող իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, կարգավորեն և ներդնեն նոր իրավահարաբերություններ, որոնք ուղղված են տնտեսության, սպորտի և հրաձգության զարգացմանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հաղթահարմանը, ինքնապաշտպանության և անօրինական զենքի քանակի նվազեցմանն ու ստվերային շրջանառությունից աստիճանաբար դուրսբերմանը: