Քաղաքական

«Ադրբեջանը ցույց է տալիս, որ երբ երկկողմ բանակցում ենք, դրական արդյունք է լինում». Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությանը։ 

Ըստ նրա՝ Ադրբեջանն, այս քայլին գնալով, մի կողմից փորձում է մեղմել իր վրա ճնշումները, մյուս կողմից՝ երկկողմ բանակցությունների օրակարգ թելադրել. 

«Թիվ 1 նպատակը բանակցային փակուղային իրավիճակը տեղափոխելն է իր առաջարկած բանակցային դաշտ, որովհետև իր վրա ճնշումներ կան՝ «չեք գնում Եվրոպա», «չեք գնում որևէ տեղ»։ Բանակցություններն, ըստ էության, դադարեցված էին, և ո՞ւմ մեղքով։ 

Այդ մեղադրանքից պետք է դուրս գար Ադրբեջանն, ու այս քայլը դրան է ուղղված։ Նաև ցույց է տալիս՝ երբ երկկողմ բանակցում ենք, ինչպիսի դրական արդյունք է լինում։ Սա կբերի խաղաղության պայմանագրի ամբողջացման, ու բանակցությունները կտեղափոխի երկկողմ ձևաչափ»,- ասել է նա։

Ռուստամյանը պնդել է, որ երկկողմ բանակցային ֆորմատը վտանգավոր է, քանի որ սա հաղթածի ու պարտվածի խոսակցություն է։

Ռուստամյանը չի բացառել, որ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիր, բայց անորոշ ձևակերպումներով, և կողմերից յուրաքանչյուրն իր ուզածով այն մեկնաբանի։