Քաղաքական

«Սա փորձ է՝ տարբեր եղանակներով ազդել պատգամավորների քվեարկության վրա». Արթուր Հովհաննիսյան

«Սա փորձ է՝ տարբեր եղանակներով ազդել պատգամավորների քվեարկության վրա». Արթուր Հովհաննիսյան

«Ես խորապես հիասթափված եմ»,- խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մինչ այդ հիշեցնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի ճեպազրույցը, որի ժամանակ վերջինս, ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկմանը («կամ Դուք չեք լավ կատարել Ձեր աշխատանքը, և դրա համար են պատգամավորները դեմ, կամ էլ իրենք փորձում են Ձեզ ճնշել, որ հետագայում որոշ բաների վրա աչք փակեք») Հայկուհի Հարությունյանը պատասխանել էր․ «Կարծում եմ՝ երկրորդ տարբերակն է»։

Արթուր Հովհաննիսյանը, շարունակելով իր խոսքն, ընդգծեց, որ սրան գումարվում է Հարությունյանի՝ երեկ հնչեցրած միտքը, որ քվեարկությունն իր համար ժողովրդի կողմից լիազորությունների մանդատ ստացած անձանց և ինստիտուտի առջև դրված հարցադրում է․ «4 տարի անց եկել եմ վերստին համոզվելու, որ կոռուպցիան արմատախիլ անելու օրակարգը շարունակում է մնալ այն առաջնահերթությունը, որով նոր Հայաստան է կերտվում»․ նշել էր Հարությունյանը։

Պատգամավորը հիշեցրեց նաև մեդիա–արշավի մասին, որն, ըստ Հովհաննիսյանի, իրականացվում է ՔՊ խմբակցության դեմ, ինչն էլ ուղղորդվում է խմբակցության հետ փակ հանդիպումից արտահոսքով, այն էլ՝ քաղհասարակության գործիչների կողմից․ «Սա, ըստ էության, փորձ է՝ տարբեր եղանակներով ազդել պատգամավորների քվեարկության վրա և ասել, որ եթե չեք ընտրում այս կամ այն անձին, նշանակում է՝ չեք պայքարում կոռուպցիայի դեմ։ Ներողություն, բայց սա անընդունելի է»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական