ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն, անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի՝ զանգ ստանալու վերաբերյալ հայտարարությանը, պատմեց, որ այն ժամանակ ինքն է եղել վարչապետի աշխատակազմի ղեկավարը, մոտեցել է Հայկուհի Հարությունյանին՝ փորձելով հասկանալ կամ հիշել՝ այդ որ դրվագի մասին է խոսքը․
«Ես հիշում եմ այդ օրը, տիկին Հարությունյան, երբ ես այցելել եմ Ձեր մասնաշենք, և, ինչպես ասացի, անկեղծորեն չեմ հիշում այդ դրվագը և, մասնավորապես, այն անձի անունը որ նշեցիք։ Դա ամենևին չի նշանակում, որ դա տեղի չի ունեցել»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը՝ հիշեցնելով, որ խոսքը երեք տարվա վաղեմության դրվագի մասին է։
Պատգամավորն ասաց, որ ինքը դեմ չէ, ավելին՝ կողմ է, որ Հարությունյանը հնչեցնի, թե ում մասին է խոսքը. «Կխնդրեի տիկին Հարությունյանին, որ այստեղ հնչեցնի՝ ում մասին է խոսքը, և, մասնավորապես, այդ պատմության մեջ իմ դերը որն է եղել, և ինչքանով եմ ես տեղեկացված եղել, կամ ինչ է հետևել»։