Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանն ԱԺ-ում հայտարարել է, թե ԱԺ պատգամավորներին առնչվող վարույթներ են հարուցվել հանձնաժողովում․
«Հարուցվել է նախկին, բայց նաև գործող կազմով ԱԺ պատգամավորի նկատմամբ շահերի բախման վարույթ, հարուցվել է ավելի քան 5 վարույթ՝ անհամատեղելիության հիմքով, բիզնես գործունեության հետ կապված։ Նույն չափով կամ ավելին եղել են հայտարարագրման ենթակա տվյալների սխալների մասով»,- ասել է նա՝ հավելելով, որ խնդիրը չի վերաբերել հանձնաժողովի կողմից եզրափակիչ ակտի տեսքով կայացված եզրակացությանը կամ որոշումներին. «Ստուգման գործընթացը բավական մեծածավալ ու բազմազան է եղել, ողջ ԱԺ-ի՝ բոլոր խմբակցությունների պատգամավորների անհամատեղելիության հարցը մանրամասն ուսումնասիրվել է»։
Հարությունյանը հարցին՝ այդ վարույթները կարո՞ղ են ազդեցություն ունենալ ԱԺ պատգամավորների քվեարկության արդյունքների վրա, ասել է. «Կարծում եմ՝ քվեարկության արդյունքները դրա ուղիղ պատասխանը կտան»։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ արձագանքել է. «Դուք հարցականի տակ եք դնում ԱԺ պատգամավորների քվեարկության բարեխղճությունը և դա կապում եք ԱԺ պատգամավորի՝ իր նկատմամբ հանձնաժողովի այս կամ այն տեսակի վարույթի հե՞տ։ Ճի՞շտ եմ հասկանում»։
Մանրամասները՝ տեսանյութում