«Դուք պատգամավորների վերաբերյալ հարուցված վարույթների մասով էականորեն սխալ թիվ եք հնչեցնում, որը չի համապատասխանում ԿԿՀ կայքում տեղադրվածին»․ հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ Հայկուհի Հարությունյանին ուղղված հարցում. «Սա չիմացության հետևանք կամ չորրորդական ինֆորմացիա չէ․ ֆունդամենտալ ինֆորմացիա է, որ հետո դառնում է քաղաքական շահարկումների առարկա։ Արձանագրենք, որ սխալ թիվ եք ներկայացրել, որ ԿԿՀ-ն 5 պատգամավորի վերաբերյալ է վարույթ հարուցել, որոնց մի մասն այլևս պատգամավոր չէ մեր խմբակցությունում»,- ասել է նա։
Անդրադառնալով Հարությունյանի հայտարարությանը, թե ԿԿՀ-ն չի հանդուրժել որևէ ճնշում, Կոնջորյանն ասել է. «Սա նշանակում է, որ Ձեր նկատմամբ առնվազն ճնշման փորձեր եղել են, և Դուք չեք հանդուրժել։ Որովհետև հնարավոր չէ չհանդուրժել մի բան, որ չկա»։ Նա խնդրել է ասել, թե ովքեր են ԿԿՀ նկատմամբ փորձել ճնշում գործադրել։
Հարությունյանն էլ արձագանքել է. «Եղել է ԱԱԾ–ից զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ տրված բարեվարքության եզրակացության առնչությամբ։ Ներկայացվել է, որ բացասական եզրակացությունն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի քվեարկվեր, անհանդուրժելի է․ դա ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր»։
Նա ասել է, որ փորձել է զանգի մասին ճշգրտումներ անել նաև կառավարությունից, թե արդյո՞ք տեղյակ են դրանից. «Պիտի շնորհակալություն հայտնեմ, որ անմիջապես արձագանք է եղել։ Հաջորդ օրը Էդուարդ Աղաջանյանն այցելել է նույն շենքում տեղակայված մեկ այլ կառույց, այցելել է հանձնաժողով․ չորս անդամ էինք այդ ժամանակ, ես բոլորի ներկայությամբ ներկայացրել եմ դեպքը։ Վերարտադրում եմ պարոն Աղաջանյանի խոսքերը․ «Դա մեր և մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի, անընդունելի վարքագիծ է»։