«Գործունեության սկզբում, նախկինում առկա մշակույթի փորձով, որոշակի վարքագիծ դրսևորվել է, բայց դա անմիջապես կանխվել է։ Ես շնորհակալ եմ, և իմ շնորհակալությունը գործադիրի հետ իմ ունեցած վերջին հանդիպմանն եմ հայտնել, որ նման վարքագիծ չի կրկնվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը՝ պատասխանելով իշխանության կողմից իր վրա ճնշումների հարցին։
Ճշտող հարցին, թե ինչ վարքագծի մասին է խոսքը, Հարությունյանը հրաժարվեց պատասխանել․ միայն նշեց, որ բնույթը դեռևս խորհրդային ժամանակներին տարածված զանգի ձևն է եղել. «Կարծում եմ, որ հենց դրա պատճառով էր, որ զանգի տեսքով հարցը որակվեց որպես միջազգային կազմակերպության վերաբերյալ իմ գործունեության բնութագրում»,- ասաց Հայկուհի Հարությունյանը՝ վստահեցնելով, որ նման մեկ դեպք է եղել. «Գործադիր մարմնին տեղեկացնելուց հետո չի կրկնվել»։