Քաղաքական

«Արդարության և կոռուպցիան վերացնելու ակնկալիքները լիարժեք իրականացված չեն». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024թ. բյուջեի նախագծի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ անդրադարձել է արդարադատության ոլորտին՝ նշելով, որ այն ռազմավարական նշանակություն ունի։

Նա հիշեցրել է, որ 2018թ. հեղափոխությունն իրականացրած ժողովրդի ամենամեծ ակնկալիքն արդարությունն է եղել և կոռուպցիայի վերացումը. «Պետք է ցավով արձանագրեմ, որ այդ ակնկալիքները շարունակում են մնալ իրենց տեղում, ինչը նշանակում է, որ իրականացված չեն լիարժեք»։ 

Նա մանրամասնել է, թե ինչու չեն այդ ակնկալիքներն իրականացված. «Շատերն էին ակնկալում, որ տեղի է ունենալու հեղափոխական արդարադատություն, այսինքն, հրապարակներում դատավճիռներ են կայացվելու և իրականացվելու, այդ թվում՝ գույքերի բռնագանձման, ընդհուպ՝ կոնկրետ անձանց կոնկրետ ձևերով պատժելու վերաբերյալ, այն, ինչ ֆրանսիական հեղափոխության ժամանակ անվանում էին տեռոր։ Բայց մենք չգնացինք այդ ճանապարհով մեկ պարզ պատճառով. ոչ թե հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն էինք արել, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն, և խոստացել էինք, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու»։

Վարչապետը նշել է, որ արդարադատությունը որոշվում է ինստիտուտներում, որոնք արդարադատություն իրականացնելու իրավասություն ունեն և գործում են օրենքի ու սահմանադրության հիման վրա։

Փաշինյանը հիշեցրել է, որ արդարադատության համակարգի ֆինանսավորումը կրկնապակվել է, և 2024թ. էլ այդ միտումը կընդգծվի։ Նա նշել է, որ դատավորների մի մասի աշխատավարձերը բարձրացել են, մի մասինն էլ կբարձրանան հաջորդ տարվանից։ Բարձրացել է նաև ՍԴ դատավորների աշխատավարձը, ավելացել է դատախազության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը. «Աշխատավարձերի բարձրացումն իրականացնում ենք ոչ այնքան դատավորների, դատախազների, քննիչների, որքան՝ քաղաքացիների համար, քանի որ դատավորները, դատախազները, քննիչները ծառայություն են մատուցում քաղաքացիներին, մարդկանց, հանրությանը, և հենց նրանք պետք է իրականացնեն ինստիտուցիոնալ արդարադատություն»։