Հասարակություն

Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հավակնոտ փաթեթ է մշակվում

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի տնօրեն Ֆաննի Դելպեի գլխավորած պատվիրակությանը։ 

Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ 
Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ առկա բազմաշերտ համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այդ համագործակցությունը ոչ միայն շարունակական կլինի, այլև կընդգրկի այլ ոլորտներ ևս։ 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել համագործակցության ուղղությունները և բյուջեն։ Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հավակնոտ փաթեթ է մշակվում, որի իրագործմանը ևս Զարգացման ֆրանսիական գործակալությունը մասնակից կլինի։ 

Հանդիպման ժամանակ քննարկվել են ԶՖԳ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Վեդու ջրամբարի կառուցման ընթացքը: 
Նախանշվել են համագործակցության նոր ուղղություններ։ 
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։