Հարցազրույց

«Բաքվի իմիտացիոն գործողությունները չեն աշխատում». Շահան Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Նոյեմբերի 30-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին կայացավ սահմանազատման հանձնաժողովների նիստը։ Ըստ էության, սա փոխվարչապետների մակարդակով 5-րդ հանդիպումն էր։ Ի՞նչ արդյունավետություն կարող է տալ այս հանդիպումը, երբ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ արևմտյան հարթակներում հանդիպումներից։

- Սահմանազատումը խաղաղության պայմանագրի կարևորագույն բաղադրիչներից է։ Կարծում եմ՝ սահմանազատման գործընթացի մեկնարկը պետք է պայմանավորել հայաստանյան ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի հեռացումով։ Խաղաղության պայմանագրի բոլոր կետերի իրացման գործընթացները կգնան գերտերությունների մրցապայքարների հունով․ մի կողմից՝ ՌԴ, մյուս կողմից՝ ԱՄՆ և ԵՄ։ Չեմ կարծում, որ շտապ արդյունքներ կգրանցվեն։

- Հայաստանի ԱԳ նախարարը վերջին օրերի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ի՞նչ ակնկալիքներ կան այս հանդիպումներից։

- Կոնկրետ կարճաժամկետ արդյունքներ դեռևս տեսանելի չեն։ ԱՄՆ–ն և ԵՄ-ը համակարգում են իրենց գործողություններն այս ուղղությամբ։ Պարզ է, որ հավաքական Արևմուտքն ակտիվացել է՝ բանակցային գործընթացի ղեկը իր ձեռքում պահելու առումով։ Իսկ դա պայմանավորված է տարածաշրջանում ՌԴ-ի դերի չեզոքացմամբ։

- Սկոպիեում տեղի ունեցավ նաև Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը։ Ռուսական կողմը հաստատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եռանդով նպաստելու պատրաստակամությունը։ Ձեր կարծիքով՝ ՌԴ-ին անհանգստացնու՞մ են հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները։

- ՌԴ–ն մի կողմից ուղերձներ է հղում Երևանին, որ տորպեդահարում է Մոսկվայի հետ Հայաստանի հարաբերությունները, մյուս կողմից՝ լավատեսական ազդակներ ուղարկում, որ բացառապես իր միջնորդությամբ բանակցությունները կարող են արդյունավետ լինել։ Ըստ էության, թեման Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է, սակայն տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցապայքար է։

- Բայրամովն էլ կրկին նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ հաստատելու պատմական հնարավորություն ունեն։ Ինչու՞ կողմերը չեն օգտվում այդ պատմական հնարավորությունից, և գործընթացն առաջ չի գնում։

- Իմիտացիոն քայլ է Բայրամովի հայտարարությունը՝ միջազգային հանրությանն ու ընտանիքին ցույց տալու, որ Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է խաղաղության կնքման ուղղությամբ, սակայն Երևանն է ձգձգում։ Կարծում եմ՝ այս մարտավարությունը չի աշխատում։

- Ի՞նչ կարծիք ունեք հայ-ադրբեջանական սահմանին կամ երրորդ չեզոք երկրում հանդիպելու և բանակցելու՝ ադրբեջանական կողմի առաջարկի վերաբերյալ։

- Այդ առաջարկի բուն նպատակը արևմտյան միջնորդությունը շրջանցելն է։ Սա, ըստ էության, ուղղակի բանակցություններ վարելու համազոր առաջարկ է։

Հայկ Մագոյան