ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Չինաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։
«Չինաստանի կոմունիստական կուսակցության հրավերով՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատվիրակությունը Չինաստանում հանդիպում է ունեցել Չինաստանի Կոմկուսի կենտկոմի միջազգային դեպարտամենտի փոխնախարար Սուն Հաիյանի հետ։
Ի նշանավորումն երկու կուսակցությունների միջև համագործակցության մեկնարկի՝ ՔՊ եւ Կոմկուսի միջեւ երկխոսությունները սկսել էինք կոմունիստական կուսակցության հիմնադիր քաղաք Շանհայից։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության վերահսկող հանձնաժողովի անդամաներ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանի ու Արազ Պապիկյանի մասնակցությամբ արդեն Պեկինում տիկին Հաիյանի հետ քննարկել ենք Չինաստանի Կոմունիստական Կուսակցության և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների միջև հնարավոր համագործակցությանն ուղղված աշխատանքները։ Ընդգծել ենք կուսակցությունների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների դերը և վստահություն հայտնել, որ առաջիկայում համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել երկուստեք սահմանված ընդհանուր նպատակների իրագործմանը։ Պայմանավորվել ենք սեղմ ժամկետներում ընթացք տալ երկու կուսակցությունների միջեւ համագործակցության պաշտոնականացմանը՝ կնքման նախատեսվող հուշագրի շրջանակում։
Զրույցի ընթացքում ներկայացրել եմ ՔՊ կուսակցության կողմից սահմանված գերակայություններն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ շեշտադրելով ՀՀ-ում խաղաղության ու անվտանգության ապահովման առաջնահերթությունը։ Նշել եմ, որ չնայած առկա մարտահրավերներին, մեր երկիրը պատրաստ է հարևան պետությունների հետ համագործակցել քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում։ Այս համատեքստում ներկայացրել եմ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերի մանրամասները և հրավիրել նաեւ Չինաստանի գործընկերների ուշադրությունը ծրագրի իրականացման աշխատանքներին»,- ասվում է նախարարի գրառման մեջ։