Քաղաքական

Լեհաստանի առաջին տիկինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ

Երևան կատարած այցի ընթացքում Լեհաստանի նախագահի կինը այցելել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպություն, որտեղ հանդիպել է Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ։

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1988 թվականին մի խումբ կամավորների կողմից, ովքեր միավորվեցին՝ օգնելու աղետալի երկրաշարժից եւ Արցախյան պատերազմից տուժածներին ու փախստականներին։

Փախստականների հետ զրույցի ժամանակ առաջին տիկինը հետաքրքրվել է, թե ինչպես է իրականացվել բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից, որոնք են ներկա պահին ամենահրատապ պահանջները, ինչպիսի իրավիճակում են գտնվում այսօր և ինչ ակնկալիքներ ունեն ապագայի առնջությամբ:

Հանդիպմանը ներկա էին կազմակերպության փոխտնօրեն Ալլա Հարությունյանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները (UNHCR)։

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետ կապված՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը, համագործակցելով վարչապետի գրասենյակի, Լեհաստանի Հանրապետության ռազմավարական ռեզերվների պետական գործակալության և Ազգային պաշտպանության նախարարության հետ, ի թիվս այլոց իրականացրել է փախստականների համար մարդասիրական փոխադրումներ։

Ի պատասխան ՄԱԿ ՓԳՀ-ի կոչին տրամադրվել է 300.000 ԱՄՆ $$ ֆինանսական օգնություն։ Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը, համագործակցելով «Հայկական Կարիտաս»-ի հետ, տրամադրել է հատուկ օգնություն Լեռնային Ղարաբաղի մի խումբ փախստականների համար, ովքեր ներկայումս բնակվում են Տեղ համայնքում։