Քաղաքական

Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին

Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին՝ որոշելով համայնքի ղեկավար ընտրել Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Թամազյանը։ 

«Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ, այսօր օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը»,- գրել է Թամազյանը։ 

Նա վերահաստատել է, որ շարունակելու է ծառայությունն ի շահ Ալավերդի համայնքի և ի շահ Ալավերդու բնակիչների։

«Մենք մեր հնարավորություններն օգտագործել ենք միայն Ալավերդին ամեն եկող օրվա հետ ավելի լավը դարձնելու համար՝ վստահ լինելով, որ դա է գնահատականի արժանանալու միակ բանաձևը։

Ալավերդիում իշխանությունը ձևավորվել է ձեր ընտրության շնորհիվ, և իշխանությունը հենց ձերն է։ Ձեր վստահությունը մեզ համար ամենաթանկն ու կարևորն է, և վստահեցնում ենք՝ ձեզ հետ միասին չենք թողնելու, որ մի խումբ արկածախնդիրներ խլեն ձեր իշխանությունը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեզ վստահության և աջակցության համար»,- գրել նա։

Հիշեցնենք՝ Ալավերդում տեղի ունեցած ընտրություններում որևէ ուժ «50+1» ձայն չէր հավաքել։ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արկադի Թամազյանի գլխավորությամբ, առաջին տեղում էր՝ 6 հազար 791 (48.6 %) ձայնով, երկրորդը ՔՊ-ն էր՝ 6 հազար 557 ձայնով (47%)։ Ամեն ինչ կախված էր երրորդ տեղը զբաղեցրած Հայ ազգային կոնգրես կուսակցության մեկ մանդատից, որը ընտրություններում հավաքել էր 340 քվե, և օրենքի ուժով անցել էր ավագանու կազմ։ «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունները հայտարարել էին Ալավերդի համայնքում համագործակցության մասին:

Ավելի ուշ «Ապրելու երկրի» անդամներից Սիմոն Զախարովը, ով ընտրական ցուցակի երկրորդ համարն էր, լքել էր խմբակցությունը, ինչի հետևանքով էլ սեպտեմբերից սկսած համայնքում տեղի չեն ունենում ավագանու նիստերը։