Քաղաքական

«Շահրամանյանն ամեն օր զանգում է Բաքու, խոսում է». Սամվել Բաբայան

ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է եղել․ «Երկրորդ խնդիրն էլ այն է, որ հավատացել է մարդկանց», - քննիչ հանձնաժողովի նիստից հետո նշել է նա։ 

44-օրյա պատերազմի օրերին ԼՂ ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Բաբայանը պատերազմում իր մեղքի մասին հարցին ի պատասխան՝ ասել է. «Դուք գտնում եք, որ այդ պաշտոնում եմ եղել, պետք է ինչ-որ մեղք ունենա՞մ։ Չունեմ, իհարկե, ոչ»։

Բաբայանը նշել է, թե ինքը մինչև պատերազմը հասկացել էր, որ Ադրբեջանը հաղթելու է ռազմական գործողությունները, այդ նպատակով նա նաև նախազգուշացնող նամակներ է ուղարկել ՀՀ և ԼՂ իշխանություններին։ Ըստ Բաբայանի, քանի դեռ Ադրբեջանը չէր վերցրել Շուշին, պատերազմը չէր դադարեցնի։

Բաբայանն ասել է, որ ինքը Արցախի էջը փակված չի համարում։ Նա նշել է, թե ԼՂ-ն հանձնել է ԼՂ իշխանությունը. «Ամսի 19-ի դեպքերով Արցախը հանձնեց Արցախի իշխանությունն՝ իր քաղաքական ամբողջ վերնախավով»։

Նա քննադատել է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը. «Ղարաբաղի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ նոյեմբերի 9-ին բանակցել են, համաձայնվել փաստաթղթի շուրջ, որտեղ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»։

Սամվել Բաբայանը նշել է, թե ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է. «Շահրամանյան Սամվելը, որին ընդդիմադիր դաշտը սիրում է, բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում է»,- նշել է նա։ Հարցին՝ ի՞նչ են խոսում, Բաբայանը պատասխանել է. «Չգիտեմ, իրեն հարցրու»։ 

Նա հիշեցրել է Շահրամանյանի հայտարարությունը, թե բանակցում են տեղահանվածների վերադարձի հարցով. «Հիմա ես ձեզ ասում եմ՝ ինքը բանակցում է»։