«Գնանք, կտեսնենք՝ ինչ հարցեր են տալիս․ չգիտեմ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե նոր ասելիք կա, որ եկել է ԱԺ քննիչ հանձնաժողով։
Անդրադառնալով խաղի կանոնները չպահպանվելու մասին իր ավելի վաղ արած հայտարարությանը, որից հետո հրաժարվել էր մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, Բաբայանը պարզաբանեց՝ ինքն առաջարկել է հետ գնալ և ամբողջովին ստուգել վերջին 20 տարին, որպեսզի պարզ լինի՝ ինչից է սկսվել, և ուր ենք հասել․ «Մերժվեց, դրա համար էլ չմասնակցեցի»։
Նրա խոսքով՝ հրավիրել են, ինքն էլ մասնակցում է․ «Իսկ ինչու՞ պետք է խուսափեմ, եթե պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել։ Այն հարցերը, որն ինձ կուղղեն, կպատասխանեմ անկեղծ․ մնացածը չգիտեմ»։
Ըստ Բաբայանի՝ ինքն առաջարկել է կոմիտե ստեղծել, բայց ԼՂ իշխանությունը իր ձևն ունի. « Իսկ Հայաստանի ընդդիմությունը համարում է, որ ես խանգարում եմ իրենց պլաններին, դրա համար էլ ձեռնպահ ենք մնացել։ Այդքան բան»։
Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանն այսօր հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողով։