Radar Armenia-ն հարցում էր ուղարկել Ազգային ժողով՝ պարզելու՝ օրինակա՞ն է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությունն այն դեպքում, երբ Աժ կանոնակարգ–օրենքն ասում է, որ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ՝ հանձնաժողովի առաջարկությամբ ու ԱԺ որոշմամբ երկարաձգվել մինչև վեց ամսով:
Հիշեցնենք, որ երկու անգամ 6 ամսով երկարաձգելուց հետո ԱԺ քննիչ հանձնաժողովը շարունակում է գործել։
Խորհրդարանից ստացված պատասխանում ասվում է՝ հաշվի առնելով, որ 2022 և 2023թթ․ ամռանը պատգամավորները գտնվել են իրենց հասանելիք արձակուրդներում, և հանձնաժողովը փաստացի չի գործել իր ամբողջական կազմով, ուստի վերոնշյալ ժամանակահատվածների հաշվանցմամբ հանձնաժողովի լիազորությունները ավարտվելու են 2023թ․ դեկտեմբերին՝ ԱԺ համապատասխան նիստում, հանձնաժողովի զեկույցի քննարկումն ավարտելու պահին․
«2020թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծվել է 10.02.2022 թ.: 07.07.2022 թ. հանձնաժողովը դիմելը է ՀՀ ԱԺ նախագահին գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու համար: Նշենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգման հարցը քննարկվում է ԱԺ նիստում. հարցը քննարկվել է 2022 թ. սեպտեմբերի առաջին նիստում և երկարաձգվել 6 ամսով: Հանձնաժողովը գործունեությունը երկրորդ անգամ երկարաձգելու խնդրանքով դիմել է 02.04.2023 թ.: Այն ընդունվել է 2023 թ. մայիսի 3-ի նիստում՝ 6 ամսով մինչև սույն թվականի նոյեմբերի 3-ը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 և 2023 թվականների ամռանը պատգամավորները գտնվել են իրենց հասանելիք արձակուրդներում, և հանձնաժողովը փաստացի չի գործել իր ամբողջական կազմով, ուստի վերոնշյալ ժամանակահատվածների հաշվանցմամբ հանձնաժողովի լիազորությունները ավարտվելու են 2023 թվականի դեկտեմբերին՝ ՀՀ ԱԺ համապատասխան նիստում՝ հանձնաժողովի զեկույցի քննարկումն ավարտելու պահին»,- հայտնել են ԱԺ-ից և հավելել, որ քննիչ հանձնաժողովը կազմելու և Ազգային ժողովին է ներկայացնելու համապատասխան զեկույց:
Հայկ Մագոյան