ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններին․
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը անհրաժեշտություն է, և ես տասնյակ տարիներ այդ կարծիքին եմ եղել։ Այդ կարծիքին ոչ երեկ, ոչ էլ այսօր եմ եկել։ Սկսած 90-ականների կեսերից՝ խոսում էի փոխզիջումների, խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու մասին։
Ոչ միայն հարցազրույցներում, այլև ԱԺ ամբիոնից եմ հայտարարել, որ Աղդամն իմ հայրենիքը չէ, իսկ որոշ ժամանակ առաջ մարդիկ, որոնք իրենց համարում են հայրենասեր, շատ բան իմացող, Հայաստանի ապագայի մասին մտածող, Աղդամում նկարվում էին և ասում, որ Աղդամն իրենց հայրենիքն է։ Իրենց կարծիքով՝ խայթում էին ինձ, չհասկանալով, որ հիմարություն են խոսում, և վերջն այսպիսին է լինելու»,- ասել է նա։
Սարգսյանի խոսքով՝ հայտնի չէ, թե ինչ տեքստ է խաղաղության պայմանագրի հիմքում. «Իրականության մեջ, կոնկրետ ես, չգիտեմ, թե ինչ տեքստ ու տեսք ունի այն խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում է կնքել Հայաստանի կառավարիչը։ Միայն որոշակի արտահոսքերից, այլ երկրների մամուլից ենք եզրակացություններ անում և տեսնում, որ ամեն անգամ գնում ենք նոր զիջումների, ամեն անգամ։ Ուրեմն ինչպե՞ս կարելի է դա կոչել խաղաղության պայմանագիր։ Եթե այդպիսի պայմանագիր կնքվի, այն ճիշտ կլինի կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է»։
Սարգսյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը պարտադրված խաղաղության պայմանագիր կնքի, կհամարվի կրկնակապիտուլյանտ։
«Անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի․ սա ակնհայտ է»,- ասել է նա։