Քաղաքական

«Հիմնական խոչընդոտը երաշխավորման աշխարհաքաղաքական մրցապայքարն է». Գանտահարյան

«Հիմնական խոչընդոտը երաշխավորման աշխարհաքաղաքական մրցապայքարն է». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը Շահան Գանտահարյանն է։

- Հայաստանը բոլոր մակարդակներով չմասնակցեց ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Լուկաշենկոն հայտարարեց, որ եթե ուզում են խնդիրները լուծել, դա պետք է անեն բանակցություններով, ոչ թե դեմարշներով։ Հայաստանն իսկապե՞ս դեմարշ է անում, և ի՞նչ է ստանում՝ չմասնակցելով այս հանդիպումներին։

- Ամբողջ հանգույցն այն  է, որ ՀԱՊԿ–ը քաղաքական գնահատական չտվեց հայաստանյան գերիշխան տարածքներ Ադրբեջանի ներխուժմանը։ Առավել ևս, որևէ քայլ չձեռնարկեց ներխուժված տարածքից ադրբեջանական զորքերի հեռացման ուղղությամբ։ Այս մասին, սակայն, ոչ թե հրապարակային դեկլարատիվ առումով միայն պետք է բարձրաձայնել, այլ բանակցել ՌԴ-ի հետ։ Սահմանազատման գործընթացի մեկնարկը չի կարելի ազդարարել նախքան այս հարցի լուծումը․ այլ խոսքով՝ նախքան ադրբեջանական զորքերի հեռացումը հայաստանյան ինքնիշխան տարածքներից։ Լուկաշենկոյի մասով նկատենք, որ ոճային փոփոխություն է որդեգրել Բելառուսի նախագահը։ Առաջ հեգնական տոնով էր խոսում, հիմա շեշտում է բանակցելով հարցերը լուծելու հրամայականը։

- Ռուսական կողմից հույս են հայտնում, որ Հայաստանը արտաքին քաղաքական վեկտորը չի փոխի և կմնա ՌԴ-ի դաշնակիցը։ Այս հայտարարության տողատակում ի՞նչ կա։

- Հակասական հայտարարություններ են հնչում պաշտոնական Մոսկվայի պաշտոնյաների կողմից։ Զախարովան խոսում էր վեկտորի փոփոխության նախադրյալների մասին։ Մինչդեռ Պեսկովն ասում էր, որ հուսով են՝ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքական վեկտորը։ Նկատելի է Հայաստանի հետ հարաբերությունները նորմալ պահելու և չհեռացնելու որոշակի միտում։

- ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ նշել է, որ ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի հանդիպումներին Սանկտ-Պետերբուրգում, հատկապես, որ միության նախագահությունն անցնում է Հայաստանին։ Եթե Հայաստանը հրաժարվի նաև այս հանդիպումներից, ի՞նչ գործընթացներ կարող են տեղի ունենալ։

- Հայաստանն իրապես սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ԱՊՀ-ի մասով՝ չեմ կարծում, որ նույն վերաբերմունքը կլինի, որովհետև Ալմա Աթայի հռչակագիրը Երևանը կարևորում է իբրև սահմանազատման գործընթացին ելակետ․ անվերջ հղում է անում դրան։ ԵԱՏՄ-ում ներգրավվածությունը ներկա պահին տնտեսական առավելություններ է ապահովում Հայաստանին։ Նույն դրվածքը չէ ՀԱՊԿ-ի դեպքում։ Բայց հարցերի խորացումը, բնականաբար, կազդի մյուս կառույցներում Հայաստանի կարգավիճակի վրա։

- Ադրբեջանի նախագահն էլ կրկին խոսել է խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագիր» կնքելու համար այլևս որևէ խոչընդոտ չկա: Նման հայտարարություններով ի՞նչ հարց է փորձում լուծել Ալիևը։

- Ալիևը փորձում է պատասխանատվությունը գցել Երևանի վրա․ դա Բաքվի ավանդական գիծն է։ Չեմ կարծում, թե բոլոր խոչընդոտները լուծվել են։ Երաշխավորման կամ միջնորդելու առումով բուն խոչընդոտը գործիքակազմի շուրջ միջազգային կոնսենսուսի բացակայությունն է։

- Հայաստանն ու Ադրբեջանն իսկապե՞ս մոտեցել են խաղաղության պայմանագրի կնքմանը։

-Զուտ դեկլարատիվ առումով՝ այո։ Քանի դեռ ադրբեջանական զորքերը գրավված են պահում հայաստանյան գերիշխան տարածքները, չեմ կարծում, թե խաղաղության բանակցությունները կսկսեն արդյունավորվել․ բայց, կրկնում  եմ, հիմնական արգելքը գլխավոր խաղացողների միջև առկա տարակարծություններ են միջնորդական և երաշխավորման կարգավիճակի ստանձնման առումով։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական