ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի խնդրին։
«Մենք շարունակում ենք պատրաստակամություն հայտնել՝ ճկունություն ցուցաբերել գերիների վերադարձի հարցում և Ադրբեջանի հետ աշխատել, որ նրանք վերադառնան»,- ասել է նա։
Վարչապետը պատրաստակամություն է հայտնել նաև «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով Հայաստանում դատապարտված անձանց փոխանակել հայաստանցի գերիների հետ:
Վարչապետը նաև հիշեցրել է, որ 2020թ. ի վեր 100-ից ավելի գերիներ են վերադարձել Հայաստան։
«Այդ աշխատանքը բավարար համարվել չի կարող, քանի դեռ մեր գերեվարված եղբայրները չեն վերադարձել Հայաստան, մենք այդ ուղղությամբ շարունակելու ենք բոլոր ջանքերը գործադրել։ Ես դժգոհ եմ, որ չենք կարողանում մինչև այս պահը արդյունքներ արձանագրել, բայց դա մեզ չպետք է հուսահատեցնի»,- ասել է նա։