Քաղաքական

«Սկսում ենք ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի ձևավորման աշխատանքները». վարչապետ

«Սկսում ենք ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի ձևավորման աշխատանքները». վարչապետ

«Ակադեմիական ծրագրով նախագծման աշխատանքների համար անհրաժեշտ միջոցների տրամադրման նախագծով առաջարկվում է 2023թ․ ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից 87 միլիոն 696 հազար դրամ ուղղել նախագծահետախուզական ծախսերին, որի շրջանակներում իրականացվի ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների առաջին վճարումը»․ կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ կառավարության կողմից հոկտեմբերի 26-ին հաստատվել է մեկ անձից գնման ընթացակարգով գերմանական «GMP International» ճարտարապետական ընկերության և Ճարտարապետաշինարական ազգային համալսարանի կոնսորցիումից համապատասխան աշխատանքների ձեռքբերումը․ «Դրա հիման վրա հոկտեմբերի 30-ին կնքվել է համապատասխան պայմանագիրը, որը պետք է իրականացվի երկու փուլով և երեք վճարումով»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս պարագայում տրամադրում են կանխավճարը. «Այնուհետ կլինեն առաջին և երկրորդ փուլերը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 597 միլիոն 245 հազար դրամ է։ Ընդ որում, սա առավելագույն արժեքն է։ Մոտ 193 միլիոն դրամը կծախսվի, եթե կարիք լինի, բացի հիմնական տեղամասից, անդրադառնալ նաև պահեստային տեղամասի՝ «Հայֆիլմ»–ի տարածքի նախագծման աշխատանքներին։ Այսպիսով, մենք արդեն անում ենք կանխավճարի մասը»։

Վարչապետն էլ ուրախությամբ արձանագրեց, որ հաստատուն քայլերով գնում են ակադեմիական քաղաքի նախագծի իրականացման ճանապարհով, և աշխատանքները մտել են գործնական առաջին փուլ. «Հայաստանի և Գերմանիայի գործընկերների աջակցությամբ սկսում ենք ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի ձևավորման աշխատանքները»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մտածում են, որ ակադեմիական քաղաքում կլինի նաև նոր ստադիոն։ Բացի այդ, աշխատում են ևս 2 ստադիոն կառուցել, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, և այնտեղ հնարավոր կլինի միջազգային խաղեր անցկացնել, այդ թվում՝ հավաքականի կազմով։ Որպես տարածք դիտարկվում են Լոռին, Գեղարքունիքն ու Տավուշը։

Գործադիրը հաստատեց նախագիծը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական