Հայաստանը և Ղազախստանը համատեղ ծրագրեր կիրականացնեն
Քաղաքական
20 Նոյեմբերի, 23:43
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ: Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է դեսպանին Ղազախստանի «Հանրապետության և ինքնիշխանության» օրվա կապակցությամբ:
«Անկախությունն ու ինքնիշխանությունը բարձրագույն արժեքներ են, և Ղազախստանի ժողովրդի համար խորհրդանշական տոնի կապակցությամբ իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեր երկրի բարձրագույն ղեկավարությանն ու բարեկամ ղազախ ժողովրդին»,- նշել է նախագահը:
Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար և շեշտել, որ դիվանագիտական ծառայության ընթացքում իր բոլոր ջանքերն ուղղված են հայ-ղազախական հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում հետագա համագործակցության խթանման հեռանկարներն ու ուղղությունները: Երկուստեք կարևորվել է փոխգործակցությունը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների և հարակից ոլորտներում:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների միջև խորհրդարանական դիվանագիտության դինամիկ զարգացմանը: Այս համատեքստում կարևորվել են երկու երկրների օրենսդիրների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ղազախստանի ակադեմիական շրջանակների միջև համագործակցության ակտիվացման, մասնավորապես՝ ղազախ ժողովրդի պատմության ուսումնասիրության համար Մատենադարանի ռեսուրսների օգտագործմամբ՝ համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին:
Հետևեք մեզ Telegram-ում