Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների համար կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ ԱԺ նախագահը.
«Պատահական չէ, որ այսօր մենք հավաքվել ենք Երևանի պատմական շենքերից մեկում՝ Ազգային պատկերասրահում: Այն հիմնադրվել է ավելի քան 100 տարի առաջ և իր տանիքի տակ պահում է ոչ միայն հայկական արվեստի մարգարիտները, այլև աշխարհը ներկայացնող արվեստի մեծ գործեր` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
Մշակութային դիվանագիտությունն ազդեցիկ և պատկերավոր լեզու է, որով խոսում են քաղաքակրթություն և մեծ պատմություն ունեցող երկրները: Հպարտ եմ, որ այստեղ անգին նմուշներ կան աշխարհի տարբեր երկրներից:
Վեհաժողովի երևանյան՝ աշնանային հանդիպման մեկնարկը հաջողված էր, և մասնագիտական քննարկումները լիովին արտացոլում են մեր միասնական օրակարգը: Մենք հնարավորություն ունեցանք անկեղծ խոսել և մտքեր փոխանակել մեզ հուզող կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ, ինչը կարևոր է խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու տեսանկյունից:
Այս նստաշրջանն անցնում է մեր ընդհանուր անվտանգային գոտում աննախադեպ հետընթացների և ճգնաժամերի ժամանակներում: Ցավոք, մենք շարունակաբար ականատես ենք լինում այն հանձնառությունների ոտնահարմանը, որոնք անշեղորեն ամրագրված են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներում:
Կազմակերպության աշնանային նիստի անցկացումը Հայաստանում և անձամբ ձեր ներկայությունը, մեր երկրի համար մարտահրավերներով լի այս պահին, ընկերության և համերաշխության նշան է: Բարձր ենք գնահատում միջազգային մեր գործընկերների անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը և բարեփոխումների օրակարգին: Կարծում եմ՝ բոլորս գիտակցում ենք, թե ինչ սպառնալիքներ է առաջացնում անվտանգային ճգնաժամը մեր երիտասարդ ժողովրդավարությանը և կայուն զարգացմանը, սոցիալական համախմբվածությանն ու արդարության ամրապնդմանը, սակայն մենք հավատացած ենք, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:
Առերեսվելով բոլոր խոչընդոտների և սադրանքների հետ՝ Հայաստանի կառավարությունը շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը: Եվ ես երախտագիտություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին այս դժվարին պահին մեր կողքին լինելու համար: Մեր նստաշրջանին մաղթում եմ արդյունավետ աշխատանքների շարունակություն, իսկ մեզ՝ հաճելի երեկո»: