Քաղաքական

«Հայրենասիրության ծայրագավառային կամ սովետական մոդելին փոխարինելու է գալիս հայրենասիրության պետական մոդելը». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ընդդիմության քննադատությանը, թե «լավ ցուցանիշները ոչինչ են, եթե կորցրել ենք Ղարաբաղը»․

«Այն, ինչ ուզում էինք ԼՂ հարցով, այլևս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996թ․ դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո, և նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի «կոնսենսուս -1»–ին (-1–ը Հայաստանն էր) միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում և ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է ու անպայման լինելու է, մեզ անընդհատ քաջալերում էին՝ մտքում մի նպատակ ունենալով — թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա։ Եվ նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ ԼՂ հարցը որպես լծակ օգտագործել Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար, թույլ չտալ որևէ սցենարով ԼՂ հարցի լուծում այնքան ժամանակ, մինչև նրա լուծման պահին հնարավոր չլինի լուծել նաև Հայաստանի հարցն այնպես, որ Հայաստանը դե ֆակտո կամ դե յուրե դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն։ Առնվազն 1996թ․ Լիսաբոնի գագաթնաժողովից ի վեր ԼՂ հարց այլևս գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի հարց, և 1998թ., 1999թ. հոկտեմբերի 27-ի, 2020թ. և 2023թ. իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ 

Հնարավոր չէ՞ր ավելի վաղ հասկանալ այս ամենը՝ առանց աղետների ու ողբերգությունների միջով անցնելու։ Միայն մի պարագայում կարող էինք՝ մտածողության փոփոխության, իսկ դա ոչ թե դժվար, այլ անհնար էր, որովհետ դեռևս կոմունիստական ժամանակներում ձևավորված հայրենասիրական ծայրագավառային մոդելը մեզ թույլ չպիտի տար դա անել։ Հիմա Հայաստանում դա է տեղի ունենում. մտածողության փոփոխություն։ 

Հայրենասիրության ծայրագավառային կամ սովետական մոդելին փոխարինելու է գալիս հայրենասիրության պետական մոդելը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։