«Խաղաղության երեք առանցքային սկզբունքները համաձայնեցված են». վարչապետ
Քաղաքական
16 Նոյեմբերի, 11:25
«Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր կամքը մնում է անսասան՝ այն արձանագրմամբ, որ ՀՀ-ն այդ պայմանագիրը չի կարող ստորագրել միայնակ, և սրա համար անհրաժեշտ է Ադրբեջանի ստորագրությունը». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իսկ ինչքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ կամ առաջիկա ամիսներին։ Խաղաղության երեք առանցքային սկզբունքներն, ըստ էության, համաձայնեցված են Ադրբեջանի հետ, և այդ համաձայնեցումը տեղի է ունեցել մեր բանակցությունների ընթացքում»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ դրանք տեղի են ունեցել 2023թ․ մայիսի 14-ին ու հուլիսի 15–ին՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ։
Նա պարզաբանել է, թե ինչու չի ստորագրվում պայմանագիրը. «Մեծ հաշվով պատճառն անվստահությունն է կողմերի միջև, որովհետև ամեն անգամ մենք՝ Ադրբեջանի, Ադրբեջանը՝ մեր հայտարարությունների և գործողությունների մեջ, տեսնում ենք պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում պայմանագրի տեքստային աշխատանքի վրա»։
Նա նաև հավելել է. «Առաջիկայում հստակեցնելու՝ ևս մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը «Խաղաղության պայմանագրի» բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է, մյուսը՝ անվտանգային երաշխիքների ստեղծումը, որ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի»:
Հետևեք մեզ Telegram-ում