Քաղաքական

«ՌԴ-Արևմուտք հակամարտությունը բերում ենք մեր տարածք». Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն անդրադարձել է վարչապետի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու որոշմանը․

«Արդեն որերորդ դեպքն է, որ առաջին դեմքերով չեն մասնակցում ՀԱՊԿ-ի նիստերին, և սա այլ կերպ, քան «դեմարշ», դժվար է որակել»։

Ըստ Ռուստամյանի՝ հասկանալի կլիներ, եթե Հայաստանը փոխլրացներ անվտանգության ծավալը․ «Սակայն այստեղ ավելի շատ խոսքը ոչ թե փոխլրացման մասին է, այլ ճամբարափոխության։ Եվ սա, առիթ ունեցել եմ ասելու, շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Մենք փոխում ենք ճամբարն այն ժամանակ, երբ գոյություն ունի ՌԴ-Արևմուտք հակամարտություն»։

Ըստ Ռուստամյանի՝ այդ հակամարտությունը տեղափոխում ենք մեր տարածք, որը «կործանարար հետևանքներ կունենա»․ «Իրավունք չունենք այդ հակամարտության զոհը դառնալ։ Այդ առումով լավ կլիներ՝ մեր թշնամիներից սովորել, որոնք կարողանում են այդ հակամարտությունն ի շահ իրենց օգտագործել։ Իսկ մենք այն մեր դեմ ենք բերում»,- նշել է նա։

Ռուստամյանի խոսքով՝ աշխարհակարգը փլուզված է, այդ մասին խոսում են նաև ՀՀ պաշտոնյաները. «Ստանդարտների, նորմերի վրա հիմնված աշխարհակարգ այլևս գոյություն չունի․ ուժն է ամեն բան որոշում։ Ով ուժեղ է՝ նա է թելադրում: Սա է իրականությունը, և մենք պետք է, նկատի ունենալով սա, չանենք այնպես, որ մեր դեմ դուրս գան։ Ճամբարներից որն էլ մեր դեմ դուրս գա, ունենալու ենք լրջագույն կորուստներ»։