Հայաստանի անվտնագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի հետ վեկտոր չի փոխում։
«Ռուսաստանի հետ վեկտոր չենք փոխում, Հայաստանն իր հարաբերությունները զարգացնում է տարբեր երկրների հետ։ 2018-ից սկսած արտաքին քաղաքականության որևէ փոփոխություն չենք կատարել և դրանից միայն վնաս ենք կրել»,- նշել է Գրիգորյանը։
Հարցին, թե ՌԴ-ն ԵՄ օգնությունը դիտարկում է որպես իրենց վտարելու փորձ, Գրիգորյանը պատասխանել է․ «Այստեղ կարևորն այլընտրանքներն են։ Կարծում եմ՝ նարատիվները, որ կառուցվում են մեր դեմ, անհիմն են։ Սկզբում մենք օգնություն ՌԴ-ից ենք խնդրել, չենք ստացել և դիմել ենք այլընտրանքների»։
Անդրադառնալով Ֆրանսիայից Bastion զրահատեխնիկայի առաքմանը և այն խոսակցություններին, որ դրանք պետք չեն եղել Ուկրաինային և ուղարկվել են Հայաստան, Գրիգորյանը պարզաբանել է, որ Ֆրանսիայի հետ բանակցություններն սկսել են այս զրահամեքենաներն ունենալու համար։
«Դրանք մեր որոշումների հիման վրա են մատակարարվում։ Այսինքն՝ մեր պաշտպանական համակարգը գնահատել է, որ դրա կարողությունները մեզ բավարար են»,- ասել է ԱԽ քարտուղարը։