ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն օրերս արած հայտարարությունների վերաբերյալ հրավիրվել է Քննչական կոմիտե։
Ֆեյսբուքյան գրառմամբ Մամիջանյանը տեղեկացրել է, որ հարցաքննության է կանչվել ՔՕ 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով:
Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից հայտնեցին. «Սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հրապարակայնորեն, առերևույթ քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված՝ բռնության կիրառումն արդարացնելուն ուղղված հայտարարություն անելու դեպքի առթիվ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից ծանուցագիր է ուղարկվել Հ․ Մ․-ին՝ վկայի կարգավիճակով քննչական անհրաժեշտ գործողություններին, մասնավորապես, հարցաքննությանը մասնակցելու նպատակով ներկայանալու վերաբերյալ»։
Հիշեցնենք՝ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. - «Երևանը փոխվելու է մեր բոլորի՝ իմ, ձեր, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»։
Հարցին՝ արդյո՞ք այս հայտարարությունը չի դիտարկվի որպես բռնության կոչ, Մամիջանյանը պարզաբանել էր. «Եթե Փաշինյանն անմտություն անի և նորից, ինչպես անցած տարվա հունիսին, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառի հատուկ միջոցներ, այսինքն՝ կրակ բացի, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Բայց վստահ եմ, որ հայրենիքի գոյությունը, ապագան արժանի է ցանկացած զոհողության»։