Մինչ Հայաստանը վավերացնում էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, Մոսկվան Երեւանին առաջարկել է շրջանցել այն։ Այս մասին Lenta.ru-ին փոխանցել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեղեկացրել էր, որ Հռոմի ստատուտի վավերացման համատեքստում Հայաստանը ԱԳՆ խողովակներով ՌԴ-ին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում:
«Դա չի համապատասխանում իրականությանը», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում, և հայտնել, որ Մոսկվան պատասխան է տվել Երևանի առաջարկին։
«Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը պատասխան առաջարկներ է ներկայացրել՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների գործարկման ճանապարհով՝ առանց Հռոմի կանոնադրության վավերացման: Նման պրակտիկա կա։ Ցավոք, մեր փոխզիջումային հանգուցալուծումները անտեսվեցին»:
Ռուսաստանի ԱԳՆ
ԱԳՆ-ում նաեւ դժգոհել են, որ Երեւանը «զուտ քաղաքական դրդապատճառներով» որոշում է ընդունել կանոնադրության վավերացման մասին: «Եթե Երևանում պահպանում են շահագրգռվածությունը սեփական ձեռքերով ստեղծված խնդիրների լուծման հարցում, ապա, մեր կարծիքով, դրա հնարավորությունները հայկական իրավական համակարգի շրջանակներում կան», — հավելել են գերատեսչությունում: