Քաղաքական

«Երևանի քաղաքապետարանը դիմել է մետրոպոլիտենի վերազինման նպատակով 2023թ․ բյուջեից գումար տրամադրելու համար». նախարար

«Երևանի քաղաքապետարանը դիմել է մետրոպոլիտենի վերազինման նպատակով 2023թ․ բյուջեից գումար տրամադրելու համար». նախարար

«Երբ հրատապ խնդիրներ ենք ունենում, կառավարությունը որոշումներ է ընդունում, և մենք այս տարի արդեն որոշումներ կայացրել ենք՝ մետրոպոլիտենի հետ կապված։ Ինչպես արդեն նշեցի, մյուս տարվա համար մետրոպոլիտենի վերազինման և ենթակառուցվածքների զարգացման համար գումար նախատեսված է։ Եթե այս հարցն այնքան հրատապ է, որ այս տարի պետք է իրականացնի, բնականաբար, մենք կնայենք մեր բյուջետային հնարավորությունները և այդ հատկացումները կանենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով մետրոպոլիտենին գումար հատկացնելու խնդրին։

Ըստ նախարարի՝  2024թ․ բյուջեով 1,5 միլիարդ դրամ է հատկացված վերազինման համար, բայց, բացի սա, կան նաև տարբեր վարկային ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են, և 4 միլիարդ դրամ հատկացվել է նոր կայարանի կառուցման համար։

Հովհաննիսյանը նշեց նաև, որ Երևանի քաղաքապետարանը դիմել է մետրոպոլիտենի վերազինման համար 2023թ․ բյուջեով գումար հատկացնելու խնդրանքով, ապա հավելեց, որ հրատապության և վերաբաշխման նպատակները հասկանալու համար հարցեր են տրվել, որպեսզի հասկանան՝ արվող ծախսերը առաջնային, թիրախային և կարևո՞ր են հենց այս պահին իրականացնելու համար։ 

Նախարարի բնորոշմամբ՝ Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, օրինակ, ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնք շատ կարիքներ ունեն, և գումարները այս ու այն տեղ հատկացնելուց առաջ պետք է վստահ լինել, որ լուծում են ամենակարևոր խնդիրները։

Հիշեցնենք՝ երեկ, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ մետրոպոլիտենին գումար հատկացնելու խնդրին՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով տեղի ունեցած միջադեպի վրա, որը, բարեբախտաբար, առանց զոհերի է եղել։ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին հանձնարարեց աշխատել, որպեսզի նախագիծը հնարավորինս շուտ հաստատվի, որովհետև իրապես շատ վտանգավոր իրավիճակում է, և բյուրոկրատական անիմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում․ «Եթե հրատապության մասին է խոսքը, այս ծրագիրը Հայաստանում ամենահրատապներից մեկն է», - ընդգծել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական