Քաղաքական

«ԼՂ-ից տեղահանվածներին բաշխվող գումարները հետագծելի են». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոռուպցիոն երևույթները հումանիտար իրավիճակում ակտիվանալու սովորույթ ունեն։

«Մեր այսօրվա իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ բաշխվող գումարները հետագծելի են․ այսինքն, երբ որևէ տեղ՝ խորհրդարանական, հանրային և այլ մակարդակներում, հարց կառաջանա, թե գումարներն ինչի վրա են ծախսվել, ովքեր են ստացել գումարները, մեկ լումայի և անձի ճշտությամբ կարող ենք ասել՝ նույնիսկ օրով, ժամով, ով որ օրն է ստացել գումարը, երբ է կանխիկացրել, կանխիկացրել է, թե ոչ»,- ասել է նա՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրված օգնությանը։

Ըստ վարչապետի՝ սա կարևոր է նաև միջազգային գործընկերներին ճիշտ ուղերձ ձևակերպելու համար, որ գումարը փոխանցվի բյուջե և այնտեղից ուղղվի տեղահանվածներին։

«Մեզ համար շատ կարևոր է եղել, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հասնող աջակցությունը լինի հրատապ և արժանապատիվ»,- նշել է նա՝ հավելելով, որ աշխատում են՝ օգտագործած հագուստ և իրեր տալը հասցվի նվազագույնի. «Մենք մարդկանց տանք կարիքների համար գումար, իրենք որոշեն՝ ինչ անեն»։

Նրա խոսքով, ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար բյուջեով նախատեսված է ընդհանուր առմամբ 54 մլրդ դրամ։ Դրանցից մինչ այժմ ծախսվել է 16 մլրդ դրամը. «Տրամադրված գումարի մի մասը կծախսվի 2024 թվականին, որովհետև, օրինակ, կեցության աջակցության ծրագիրը 6 ամսով է նախատեսված»,–ասել է վարչապետը։