Քաղաքական

«Հայրենիքը պետությունն է․ սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փոփոխվող աշխարհում Հայաստանի մրցունակությունն ու կենսունակությունն ապահովելու համար պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելն առանցքային է։

Նա հայտարարել է, որ սա կառավարության և անձամբ իր աշխատանքի կարևորագույն բաղկացուցիչներից է․

«Իմ վարչապետության՝ հանրային երջանկություններով և ողբերգություններով լեցուն հնգամյա փորձն ինձ հանգեցրել է հետևյալ հայեցակարգային ձևակերպման, որն ուզում եմ առաջարկել որպես պետական հայեցակարգային ուղենիշ: Այդ ուղենիշը հետևյալն է՝ հայրենիքը պետությունն է․ սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ անկախության այս ընթացքում «մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության և հայրենիքի շահերի միջև առկա և շարունակաբար մեծացող լարումը, հայրենիքի և պետության ձգողականության՝ երբեմն հակադիր ուղղությունները, պետության և հայրենիքի միջև ընտրություն կատարելու անհնարինությունը»:

Նա նշել է, թե որքան էլ անհնարին լինի ընտրությունը, այն պետք է կատարվի. «Պետությունը միակ և անփոխարինելի հայրենիքն է, ու պետությունը, նրա անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինստիտուտները կայացնելն ու զարգացնելն է հայրենասիրության գերադրական աստիճանը»,- ասել է նա։ 

Վարչապետի խոսքով՝ սա հասունացման ճանապարհ է, որն անցնում են կառավարությունը, խորհրդարանը, փորձագիտական հանրությունը, ժողովուրդը: