Հունգարիան կանի ամեն ինչ՝ զարգացնելու Հայաստանի հետ կապերը․ որպես դրա դրսևորում՝ Հունգարիան 40 մլն ֆորինտ (ավելի քան 110 հազար դոլար) կտրամադրի՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին. տեղեկացրել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս արագ կարողանան ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որը կերաշխավորի, որ տարածաշրջանում հաջորդ տասնամյակներում մարդիկ ապրեն խաղաղ ու հանգիստ: Տարածաշրջանի բոլոր բնակիչները տասնամյակներ տառապելուց հետո արժանի են, որ այստեղ խաղաղություն ու անդորր տիրի»,-ասել է նա՝ հավելելով,- «Թույլ տվեք հավաստիացնել, որ Հունգարիան հետայսու կանի ամեն ինչ՝ զարգացնելու համար մեր կապերը: Որպես դրա դրսևորում մենք տրամադրելու ենք ևս 40 մլն ֆորինտ՝ ի աջակցություն այն ընտանիքներին, որոնք Լեռնային Ղարաբաղից եկել են Հայաստան: Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մասնակցություն ցուցաբերել նաև այդ անձանց բուժման գործում, մեր բուժհաստատությունները պատրաստ են ընդունել այդ ընտանիքների երեխաներին: Նաև Հունգարիայի մանկական ճամբարներն են պատրաստ դա անել»։