Քաղաքական

«Նոյեմբերյան եռակողմ հանդիպումը չեղարկվել է. «3+3»-ում հիմնականում Իրանն է ներգրավվող կողմը». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Հայաստանում բացվեց Կանադայի դեսպանատունը։ Կանադան ԵՄ անդամ չհանդիսացող առաջին երկիրն է, որը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել, և 2 դիտորդ շուտով ժամանելու են Հայաստան։ Այս իրողությունները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ անվտանգության վրա։

- Տարածաշրջանում աշխարհաքաղաքական տարողունակությամբ ընթացող գործընթացները արագացրին Կանադայի դեսպանատան բացման որոշման կիրարկումը․ փաստորեն, բացմանն ուղեկցել է դիտորդների առաքելության ուղարկման որոշումը։ Չեմ կարծում, որ Կանադան միակը կլինի այս առումով․ կհետևեն այլ պետություններ ևս։ Նույնպես, այլ պետություններ կհամալրեն Սյունիքում հյուպատոսությունների շարքը։ 

- Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի վարչապետը հանդիպել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարին և նշել, որ հայկական կողմի ակտիվ սպառազինումը լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին և նոր սպառնալիքներ ստեղծում հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Ի՞նչ է ակնարկում Ադրբեջանը Հնդկաստանին։

- Նման հռետորաբանություն Բաքուն օգտագործում է ոչ միայն Հնդկաստանի հետ խոսելիս, այլև՝ Ֆրանսիայի։ Ցանկացած պետություն, որի հետ զինտեխնիկայի վաճառքի գործարք է կնքում Երևանը, դրա ուղղությամբ Բաքուն նույն ոճով և բովանդակությամբ է խոսելու։ Ուժային բալանսի վերականգնման ցանկացած փորձ արժանանալու է Բաքվի նման հակազդեցությանը։

- Իրանում կայացավ 3+3 ֆորմատով հանդիպում, որին չէր մասնակցում վրացական կողմը։ Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այս պլատֆորմը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։

- Վրաստանի չմասնակցելը պայմանավորված է ՌԴ-ի մասնակցությամբ։ 3+3-ով փորձ է արվում ներգրավել Իրանին և դուրս մղել Արևմուտքին։ Կա շահերի որոշակի համընկնում Անկարա-Բաքու-Թեհրան հարաբերակցությամբ։ 

Այս ձևաչափը, ըստ էության, փոխարինում է նոյեմբերյան եռակողմի 9-րդ կետը, որը կապ չուներ հրադադարի հետ։ Այդ կետը խոսում էր ամբողջ տարածաշրջանի ապաշրջափակման, նոր հաղորդուղիների հաստատման մասին։ Հիմնական տարբերություն կա, իհարկե։ Նոյեմբերյան եռակողմը, ըստ էության, չեղարկվել է։ Այնտեղ գլխավոր ճարտարապետը, միջնորդն ու երաշխավորը բացառապես ՌԴ-ն էր։ Հիմա արդեն այդ բացառիկ դերը կիսում է Իրանի և Թուրքիայի հետ։ Ձևաչափը լիարժեք չի աշխատի, քանի դեռ չի միացել Վրաստանը։ Իսկ Վրաստանի միացումը ենթադրում է Արևմուտքի կանաչ լույսը։

- Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ քննադատություններին, հայտարարել է, որ եթե Հայաստանը համաձայներ ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը, մի շարք խնդիրներից հնարավոր էր խուսափել։ Նա նշել է նաև, որ Երևանը նախընտրեց ԵՄ առաքելությունը, որը ՌԴ-ի և Իրանի դեմ տեղեկությունների հավաքագրմամբ է զբաղված: Նման հայտարարություններով ռուսական կողմը փորձում է ազդել նաև հայ-իրանակա՞ն հարաբերությունների վրա, թե՞ սա պետք է դիտարկել զուտ ՌԴ-Արևմուտք մրցապայքարի համատեքստում։

- Խաղաղապահները կամ դիտորդական առաքելությունը փաստորեն չեն կարողանում ազդել գետնի վրա ընթացող ռազմական իրադարձություններին, երբ չկա քաղաքական կամ, ավելի շուտ, աշխարհաքաղաքական որոշում։ Խնդիրն այն է, որ այս դեպքում ՌԴ-ն իր գործողությունները ձեռնարկում է՝ պայմանավորված իր շահերով և դրանց պատասխանատվությունը գցում է հայկական կողմի վրա։ Երևանն էլ՝ իր հայտարարություններով կամ արած քայլերով, լիարժեք պատրվակներ է շնորհում ՌԴ-ին՝ դիմելու այդ քայլերին կամ մնալ կրավորական դիրքերում։ Հայաստանյան գերիշխան տարածքներ Ադրբեջանի ներխուժման փաստն այդպես էլ չի արձանագրվել ՀԱՊԿ-ում։ Այդ իրողությունը կորել է սահմանազատման առաջադրանքի շրջածիրում։

Հայտարարությունները պետք է դիտարկել հավաքական հիմնականում Արևմուտք-ՌԴ և, որոշ առումներով, նաև Իրանի ազդեցության գոտիների մրցապայքարի սահմաններում։ Հայտարարությունը համընկնում է 3+3-ի տնտեսական քաղաքականության ռազմավարությանը, որին ներգրավվել է Իրանը։

- ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն էլ հայտարարել է, թե Հայաստանը Հյուսիս-հարավ միջանցքի մաս չէ, որովհետև հստակ դիրքորոշում չունի։ Իսկ ադրբեջանական կողմից նշում են, որ Սյունիքով ճանապարհն այլևս գրավիչ չէ։ Եթե Հայաստանը դուրս մնա և մաս չկազմի Հյուսիս-հարավին, ի՞նչ հետևանք կունենա դա։

- Օվերչուկի հայտարարությունը համալրում է Զանգեզուրի միջանցքի նոր ուղղության մասին կատարվող հայտարարությունները։ Թուրք-ադրբեջանական դաշինքը համաձայնության է եկել Իրանի հետ՝ փոխելու ճանապարհի ուղղությունը։ Այստեղ, սակայն, միայն Երևանի «շրջանցման» մասին չէ խոսքը։ Նոյեմբերյան եռակողմով այդ Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան ցամաքային հաղորդուղիները վերահսկվելու էին ՌԴ անվտանգության սահմանապահ ուժերի կողմից։ Աշխարհագրական ուղղության փոփոխությամբ ՌԴ–ն կորցնում է այդ կարևոր հանգամանքը։ Առընթեր փորձում են գործարկել Հյուսիս-հարավը։ Հիմա Օվերչուկը խոսում է այս ուղղության վրա ևս Հայաստանի շրջանցման մասին։ 

Պարադոքսալ իրավիճակն այն է, որ «3+3»-ին ներառելով՝ Հայաստանը, ըստ էության փորձում են դուրս մղել Հայաստանին տարածաշրջանային տնտեսուղիներից։ Թե՛ Թուրքիա -Ադրբեջան ուղով և թե՛ Հյուսիս-հարավով Իրանն ստանում է ապարշրջափակուների առումով նոր դերակատարություն։

Հայկ Մագոյան