Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու որոշման նախագիծը։
Արդարադառության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք օրենքի ուժով դառնում են փախստական և օգտվում փախստականների համար նաև միջազգային կոնվենցիաներով նախատեսված իրավունքներից. «Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ձեռնամուխ լինել նրանց իրավունքների և օրինական շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը»։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ անդրադարձել է տեղահանվածների ֆինանսական աջակցության մեխանիզմներին, նաև՝ կենսաթոշակային իրավունքին. «Այս որոշումն ընդունելուց և կարգավիճակը հստակեցվելուց հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածները, որ կցանկանան կենսաթոշակային իրավունքները համապատասխանեցնել Հայաստանում օրենքով սահմանված մեխանիզմներին, կարող են դիմել քաղաքացիության համար, ստանալ հաստատումներ»,- ասել է նա։
Ըստ Խաչատրյանի՝ կենսաթոշակային տարիքի ոչ մի մարդ չի մնացել առանց ֆինանսական համարժեք ապահովման։
Նշենք, որ այդ կարգավիճակը տրվելու է 1 տարի ժամկետով՝ հետագայում երկարաձգման հնարավորությամբ։