Քաղաքական

«Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրն ավելի փխրուն ու վտանգավոր է դառնում». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե երկրի շուրջ անվտանգության միջավայրն ավելի փխրուն ու վտանգավոր է դառնում․

«Արդեն երկրորդ քառօրյան է, որ անց ենք կացնում առանց Արցախի»,- հիշեցրել է նա։ Օհանյանի խոսքով՝ այս ամենը տեղի է ունեցել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շրջանակներում. «2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները սեղմել են օղակը Հայաստանի և Արցախի շուրջ»։ 

Ըստ նրա՝ Ադրբեջանի ապօրինի, հանցավոր գործողությունների արդյունք է սա, ինչի մասին հայտարարել են արտասահմանյան երկրները. «Բայց ցավալի է նաև այն, որ այս ամենը տեղի է ունեցել ՀՀ իշխանությունների անգրագետ, ապիկար կեցվածքի շնորհիվ»։

Նա շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտությունն, իր կարծիքով, լուծված չէ։ Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ Օհանյանը նշել է, որ բրյուսելյան հանդիպումը տեղի չի ունեցել Ադրբեջանի նախագահի պատճառով. «Ինչ անհրաժեշտ էր ստանալ բանակցային գործընթացում և, հատկապես, Արևմուտքից, ինքը ստացել է ու իրականացրել բռնագաղթ։ Այս փուլում ինքն իր նպատակին հասել է»։

Ըստ Օհանյանի՝ հիմա Ադրբեջանը փորձելու է շեշտը դնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում։